Առաջին տիկնոջ և Մշակույթի նախարարի արձագանքն Ագնեսա Շահնազարյանի մոնոներկայացմանը


17:15 , 27 հուլիս, 2015

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օգոստոսի 4-ին կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու մոնոներկայացումների միջազգային փառատոնի, որտեղ ներկայացնելու է Վահե Շահվերդյանի բեմադրած «Շատերից մեկը» ներկայացումը, որի հեղինակը Նելլի Շահնազարյանն է։

BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ «Արմմոնո» փառատոնի ժամանակ խաղացել է այս ներկայացումն ու առաջարկ ստացել այն խաղալ Գերմանիայում և Բուլղարիայում կայանալիք միջազգային փառատոններին։

«Փառատոնում մրցանակային տեղեր չկան, սակայն կան անվանակարգեր։ Ներքին վստահություն ունեմ, որ «Շատերից մեկը» ինչ-որ անվանակարգում անպայման հաղթող կճանաչվի՝ հաշվի առնելով գործի արդիականությունը»,- ասաց Ագնեսան ու հավելեց, որ այն տրագիկոմեդիա է, իսկ այս ժանրը շատ տարածված է աշխարհում։ Նա պատմեց, որ ներկայացումը շատ տգեղ աղջկա մասին է, ով ամուսնանալու խնդիր ունի, սակայն երբ վերջապես ամուսնանում է, ինքն էլ չի հասկանում՝ ի վերջո երջանի՞կ է, թե՞ դժբախտ, որովհետև նպատակն իրականացավ, սակայն ընտրյալն այն մարդը չէր, ում հետ նա կցանկանար ամուսնանալ։

Դերասանուհին հայտնեց, որ ներկայացման երևանյան ցուցադրության ժամանակ շատ դրական արձագանքներ է ստացել։ «Ներկայացումն ինտերակտիվ է, ու հանդիսատեսը շատ ակտիվ, լավ է արձագանքում։ Տևողությունը 1 ժամ, 10 րոպե է, սակայն չենք կրճատել, քանի որ շատ գունեղ է, ասելիքն էլ՝ կարևոր»,- ասաց Ագնեսան ու հայտնեց, որ երևանյան ցուցադրությանն արվեստի բնագավառից հայտնի մարդիկ են ներկա եղել՝ Ռուբեն Մաթևոսյանը, Հրանտ Մաթևոյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, Սերգեյ Առաքելյանը և այլք։ Երևանյան ցուցադրությանը ներկա են եղել նաև Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ «Նրանցից հրաշալի արձագանքներ եմ ստացել։ Ներկայացումից հետո Առաջին տիկնոջ ու Մշակույթի նախարարի հետ խոսեցինք, շատ լավ կարծիքներ հայտնեցին։ Ես բեմում անընդհատ հանվում-հագնվում եմ, սակայն երբեք մերկ չեմ լինում, զարմացել էին. Հասմիկ Պողոսյանն ասաց՝ հետաքրքիր ձևով ես հագնվում, անընդհատ զգեստափոխության ժամանակ քեզ երբեք մերկ չենք տեսնում»,- ասաց նա ու հիշեց, որ զգեստափոխություններից մեկի ժամանակ հարսի զգեստի հետևը լրիվ բաց էր եղել, սակայն բոլորին թվացել էր, որ դա բեմադրության մի մասն է։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի