1970 թվականի Երևանյան սենսացիայի մասին. Կենդանաբանական այգուց փախել էր փիղը


19:50 , 9 մարտ, 2012

Այս պատմության մասին լսել էի, բայց մանրամասն չէի կարդացել՝

Վովա անունով փղի ողբերգական վախճանը

1970 թվականին Երեւանում արտառոց եւ սենսացիոն իրադարձություն էր արձանագրվել՝ Կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Նա դուրս էր եկել այգու տարածքից, իջել Մյասնիկյան փողոցով եւ համարյա թե հասել փողոցի սկիզբում գտնվող կամրջին: Այդ փաստի ականատեսները շատ են եղել, բազմաթիվ երեւանցիներ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է փիղը քայլում փողոցում եւ, վերջիվերջո, թե ինչո՞վ են ավարտվելու իշխանությունների՝ փղին գազանանոց վերադարձնելու ջանքերը: Լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանն, ով փղի փախուստի լուրին սկզբում չի հավատացել՝ մտածելով, որ կատակ է, պատմում է. «Այնքան շատ մարդ էր քայլում փղի ետեւից, կողքերից եւ առջեւից, որ նույնիսկ պատկերացնելն է դժվար:

Փղի ետեւից քայլող մարդիկ երեք մետր էին համարձակվում մոտենալ Վովային, իսկ առջեւի մարդիկ՝ 20 մետր: Կատաղած փիղն աջ ու ձախ էր թեքում գլուխը, եւ մարդիկ կայծակնային արագությամբ ետ էին վազում, ազատում փղի դիմացի տարածությունը: Փողոցում սարի նման մի հատված կա, մարդիկ հասցնում էին մագլցել այդ սարը, թեեւ մինչեւ հիմա էլ չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում, այդ սարն անկարելի էր բարձրանալ»: Վովան անկառավարելի էր, մեքենաներ էր շրջում, ժանիքներով տրոլեյբուսներ ճեղքում, անընդհատ մարդկանց վնասելու վտանգ կար: Ամբոխից եւ անսովոր ազատությունից խենթացած հսկա կենդանուն պետք էր Կենդանաբանական այգի վերադարձնել: Բայց ինչպե՞ս: Փողոցում զինվորների խումբ էր տեղակայվել եւ «ԲՏՌ» էր բերվել: «Սկզբում փորձում էին «ԲՏՌ»-ով հրել փղին, բայց ոչինչ չէր ստացվում: Վովան մեր հիմիկվա փղի նման չէր, իսկական հսկա էր: «ԲՏՌ»-ով հրելով` նրան կարողացան այգու դարպասների մոտ բերել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում այգու տարածք վերադարձնել»,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: Քնաբեր հեղուկով փամփուշտներ չկային, եւ որոշում է ընդունվում ոչնչացնել փղին: Կրկակահերթ է արձակվում, բայց վիրավոր փիղը չի դադարում վտանգավոր լինել եւ ոչ մի կերպ չի ցանկանում մահանալ...

Նա այս ու այն կողմ է վազում, թեեւ փամփուշտներից մեկն ուղիղ գլխին էր դիպչել: Վովային շրջափակում են եւ պատին սեղմում, որից հետո «ԲՏՌ»-ը քշում են ուղիղ նրա վրա... Տեսարանը դաժան էր: Հ. Բաղդասարյանը հիշում է, որ նույնիսկ «ԲՏՌ»-ի ճնշման տակ Վովան դեռ մի քանի ժամ ապրել է. «Նայում էին ու տեսնում, որ դեռ շնչում է, այդպիսի հսկային սպանելը հեշտ չէր»: Վովայի արյունոտված դիակը, միեւնույն է, Կենդանաբանական այգի վերադարձվեց եւ այլ կենդանիների համար սնունդ դարձավ: 

Վովա փղի մասին երեւանցիները մինչ օրս հիշում են եւ լեգենդներ են հորինում, թե ինչու էր Վովան բարկացել եւ փողոց դուրս եկել: Իսկ Վովայի անձնական վարժեցնող Իվանն այդ դաժան պատահարից հետո չլքեց Հայաստանը եւ շարունակեց աշխատել Կենդանաբանական այգում:

Սոցիալիստական երկրին ոչ հարիր այս պատմությունը հետաքրքիր շարունակություն ունեցավ: Թեեւ շատ հայ լուսանկարիչներ լուսանկարել էին Վովայի կյանքի վերջին ժամերը, միեւնույն է, հաջորդ օրը կենտրոնական թերթերը գրեցին, որ Երեւանի Կենդանաբանական այգուց փախած փղին հաջողվել է ետ վերադարձնել, եւ նա այժմ իր տեղում է գտնվում: «Մոսկվայից մեզ զանգահարում էին ու ուզում էին փղի վերադարձի մասին լուսանկարներ ստանալ,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: -Մենք ասում էինք, որ փիղը սպանվել է, սակայն վերադարձի մասին լուրը չհերքվեց, քանի որ փաստն արդեն տպագրվել էր սովետական կենտրոնական մամուլում: Հետո արդեն Վովայի վախճանի մասին գրեցին արտասահմանյան թերթերը»: 
http://archive.168.am/