Հայկական բանակն ապահովել և ապահովելու է իր ժողովրդի խաղաղությունը և անվտանգությունը. Սեյրան Օհանյան


14:36 , 24 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող վիճակին:

Նախարարը նշեց, որ վերջին օրերին հակառակորդը նաև խոշոր տրամաչափերի ականանետներից է կրակում։ «Իհարկե, կրակոցները ստույգ և ճշգրիտ չեն եղել, սակաjն իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից՝ թե ԼՂՀ տարածքում, թե մեր սահմաններում վերահսկվում է: Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականցնում են»,-ասաց նա:

«Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ լարվածության առաջացման վրա ազդում են տարբեր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային զարգացումներ, որոնք կան՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ մեր հակառակորդի մոտ ներքաղաքական կամ ներտնտեսական որոշակի պայմաններից ելնելով։