Tert.am-ը գրում է.
Galileo լրտեսական համակարգը մեզ անհանսգտացնում է այնքան, որքան ադրբեջանական բանակի ցանկացած նոր ձեռքբերում:
Այս մասին Tert.am-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով վերջին վիկիլիկսյան սկանդալին, որ հաքերներին հաջողվել է կոտրել իտալական անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստելու վրա մասնագիտացած Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան, ինչից էլ հայտնի է դարձել, որ այդ ընկերությունն Ադրբեջանին է վաճառել Da Vinchi կամ Galileo կոչվող դիստանցիոն լրտեսման համակարգ:
«Լրտեսական համակարգերի կիրառման դաշտը մեզ անհանգստացնում է այնքան, որքան ադրբեջանական բանակի կամ ուժային կառույցների ցանկացած նոր ձեռքբերում: Եվ դա մի առանձին պատերազմի դաշտ է, մի առանձին հարթություն, որտեղ իրենք երբեք դադար չեն տալիս, մշտապես գնում են: Եվ այստեղ էքստրաօրդինար ինչ-որ բան չենք տեսնում, ամեն ինչ էլ Ադրբեջանը գնում է, իսկ մենք էլ դրա դեմ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում` երբեմն կանխարգելիչ, երբեմն` ի պատասխան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հաղորդվում է, որ Hacking Team ընկերության կողմից մշակված լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների և սմարթֆոնների վրա գաղտնի գրոհների համար: Այդ լրտեսական ծրագրերը կարող են պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Windows, OS X կամ Linux օպերացիոն համակարգերով համակարգիչներից: Ծրագրերը կարող են նաև պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Android, iOS, Blackberry եւ Windosw Phone հարթակներով աշխատող սմարթֆոններից: Այդ ծրագիրը գրանցում է Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line, Viber համակարգերով տարվող բոլոր խոսակցությունները:
Ի պատասխան հարցի,թ ե ՀՀ ՊՆ-ին հայտնի՞ է` Ադրբեջանի որ գերատեսչությունն է ձեռք բերել այդ համակարգը` ՊՆ-ն, թե ԱԱԾ-ն, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ չեն կարող ասել` որ մեկն է ձեռք բերել: