ԵԱՏՄ երկրներից միայն ՀՀ-ն կունենա տնտեսական աճ


14:56 , 20 հուլիս, 2015

ՀՀ-ն ընդամենը հունվարից է հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկիր, սակայն այս տարվա կտրվածքով միության տարածքում տնտեսական աճ սպասվում է միայն Հայաստանում։

Թեև չի սպասվում շատ մեծ աճ, սակայն, միության մյուս երկրների ցուցանիշների հետ համեմատած, կարելի է ենթադրել, որ տնտեսությունն աշխուժացնելու կառավարության ջանքերն իզուր չեն եղել: Այլապես նույն խնդիրների առկայության պայմաններում Հայաստանում ևս սպասումները կլինեին բացասական։

Սա ոչ թե միջազգային ֆինանսական կառույցների, այլ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության գնահատականն է, որը հիմնականում համընկնում է միջազգային կառույցների գնահատականներին։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ ԵԱՏՄ տնտեսական կառույցները սպասում են ՀՆԱ-ի 0,9 տոկոսանոց ավելացում։ Այն գրեթե համարժեք է ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ ՀՀ կառավարության առաջիկա 4 տարիներին միջնաժամկետ ծախսերի ծրագրով արված կանխատեսումներին։