Քիմ Քարդաշյանը պատմել է` ինչպես է իրականում հարստացել` սկսելով հորից վերցրած «վարկով»


21:41 , 3 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստամեգաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե իրականում ինչպես է հարստացել:  

The Independent-ն այս առիթով նկատում է, որ Քիմի տված բիզնես խորհուրդներն անգամ նրան ատողներին կստիպեն այլ կերպ վերաբերվել նրան:

Այսպես` MarketWatch ֆինանսական կայքին Քարդաշյանը պատմել է իր բիզնես ուղու` իր խնայողությունների, ներդրումների, ծախսերի, ֆինանսների մասին և, իհարկե, խորհուրդ է տվել:

Աղբյուրի ձևակերպմամբ ձեռնարկատեր - իրապատում շոուների աստղ Քիմը մասնավորապես հետևյալն է պատմել. «Գիտեք, առաջ ես մտածում էի, թե որքան ավելի շատ փող վաստակեմ, այնքան ավելի շատ եմ ծախսելու: Իրականում հակառակն է: Որքան ավելի շատ գումար եմ վաստակում, այնքան ավելի շատ եմ խնայում: Առաջ չէի կարծում, թե այդպես է լինելու, բայց իրականում ինքս ինձ զարմացրել եմ»:

Քիմը նաև հետարքրքկաան դրվագ է ներկայացրել իր մանկությունից, թե ինչպես է «վարկով փող» վերցրել հորից և պրիմիտիվ բիզնես քայլ արել: Հորից` անվանի իրվաբան Ռոբերտ Քարդաշյանից, Քիմը փոքր հասակում փող է վերցրել և զույգը 750 ԱՄՆ դոլարով Manolo Blahnik-ի դիզայներական կոշիկներ գնել, իսկ հետո դրանք eBay օնլայն աճուրդում վաճառել է զույգը 2500 դոլարով:

Խոսելով այն մասին` արդյո՞ք իրեն ժամանակին բիզնես խորհուրդներ տվել են, թե ոչ, նա ասել է, որ բախտավոր է, քանի որ ծնողները իրեն սովորեցրել են, թե ինչ է վարկը, ինչ է խնայումը: Քիմը նկատել է, որ նման բաները դպրոցներում չեն սովորեցնում, և դա ճիշտ չէ:

Ըստ Քարդաշյանի` հաշվապահությանը վերաբերող շատ երևույթներ պարզունակ են, և դրանք պետք է դասավանդվեն դպրոցներում, քանի որ շատ մարդիկ պարզապես շատ բան չգիտեն նման կարևոր բաների մասին:

Աղբյուրը առաջարկում է նրանց, ովքեր չեն սիրում Քիմի հաջողությունները, նկատի ունենալ, որ նրա բիզնես որոշումները միշտ հաջող են եղել:

Իսկ վերջին հաջողություններից աղբյուրը առանձնացնում է Քիմ Քարդաշյանի տեսախաղը, որը թողարկման միայն առաջին 5 օրերին 1,6 մլն ԱՄՆ դոլար եկամուտ էր բերել, իսկ 2014-ի երրորդ եռամսյակում 43 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ ապահովել: