«Իսկանդեր Մ»-ը ուղևորվում է Հայաստան


12:02 , 2 հուլիս, 2015

Լինելով պատերազմական երկիր` Հայաստանն իր պետական բյուջեի զգալի մի հատված օգտագործում է ռազմական մթերքի գնման, ինչպես նաև զինվորական այլ պահանջների բավարարման նպատակով: Շարունակ զարգանում է ռազմական տեխնիկան, և օրեցօր հայտնվում են էլ ավելի արդիական սարքավորումներ:

Այսօր ՀՀ օրենսդիր մարմինն արտահերթ նիստ է գումարելու, որպեսզի քննարկի Ռուսաստանի կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը:

Ռուսաստանի կողմից հատկացված արտոնյալ վարկը նախատեսված է արդիական զենք գնելու համար, որն, ի դեպ, տրամադրելու է հենց ռուսական կողմը:


Շրջանառվում է, որ հայկական կողմը ձեռք կբերի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը:

Իսկանդերները միանշանակ ավելի հզոր են, քան մեր ունեցած «Տոչկա Ու» բալիստիկ հրթիռները: Այս զինատեսակի առկայությունն անմիջական հարվածի տակ է դնում Ադրբեջանի մայրաքաղաքի և հիմնական բնակավայրերի պաշտպանունակությունը, ինչպես նաև նրա հիմնական ենթակառուցվածքների անխափան գործելու հնարավորությունը: Եթե մեր ունեցած «Տոչկա Ու» բալիստիկ հրթիռների հեռահարությունը կազմում էր 120 կմ, ապա իսկանդերներինը հասնում է 500-ի:

Իհարկե, նոր վարկի ավելացումն այդքան էլ հաճելի չէ, սակայն պատերազմող երկրի համար այն պարզապես անհրաժեշտություն է: Երբ թշնամի երկիրը 5 մլրդ դոլարի սպառազինություն է ձեռք բերում, ապա սեփական ռազմական արսենալի ընդլայնումն ու արդիականացումը պարտադիր պայման է դառնում:

Ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից մեկը երկու երկրների ռազմական ուժերի հավասարակշռության մեջ զգալի առավելություն կարող է տալ հենց հայկական կողմին: