ԱՄՆ-ում լուսանկարիչը որսացել է այն պահը, երբ ագռավը «թամբում է» արծվին. լուսանկարներ


05:44 , 2 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում լուսանկարիչ Ֆու Չանը ֆիքսել է, թե ինչպես է սովորական ագռավը «թամբում» իրեն չափերով գերազանցող արծվին:

Daily Mail-ը մանրամասնում է, որ արծիվը իրականում սպիտակագլուխ գետարծիվ է, որը նաև ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշն է։

Ըստ աղբյուրի` ագռավը հենց այնպես չէ, որ «բարձրացել» է գիշատչի վրա: Այդ կերպ նա փորձել է պաշտպանել իր ձագերին, որոնց հավանաբար վտանգել է մերձակայքում հայտնված գետարծիվը: Ամեն դեպքում ագռավը քմահաճույքի համար չէ, որ նման վտանգի է ենթարկել իրեն:

Չնայած բրիտանացի թռչնագետ Փոլ Սթենքլիֆը ասում է, որ իրականում ագռավը հաղթանակի ավելի շատ հնարավորություն է ունեցել այս դեպքում: Ագռավը ավելի շարժուն է, տվյալ դեպքում` նաև շահագրգռված, քանի որ սերունդ է պաշտպանել: Դրանից բացի արծիվներն ու ագռավները ավանդաբար իրար դեմ են հանդես գալիս` հիմնականում պայքարելով սննդի համար: