Իրար մեջ դավաճաններ փնտրելն է դավաճանություն. Մարգարիտ Եսայան


23:41 , 29 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ես ամբողջովին հասկանում եմ Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում մարդկանց անհանգստությունը և մտահոգությունը, դա նաև իմ մտահոգությունն ու անհանգստությունն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Սակայն ես կարծում եմ, որ արդեն իրենց ձայնը լսվել է և արդեն իրենց բողոքի արդյունքում որոշում է կայացվել՝ դիմել կոնկրետ գործընթացների, և մենք պետք է սպասենք այդ գործընթացների տրամաբանական ավարտին»,-ասաց նա։

Մարգարիտ Եսայանը նշեց, որ որևէ մեկը անտարբերության չի մատնել այս ամբողջ գործընթացը, որովհետև այդ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրին։ «Ւնձ պարզապես բոլորովին դուր չի գալիս նույն Ազատության հրապարակում, Բաղրամյան փողոցում կանգնած որոշների պահվածքը, որ փորձում են իրենք իրենց մեջ դավաճաններ փնտրել: Չի կարելի այս պայծառ շարժումը տանել ծեծված ճանապարհով, որովհետև այնտեղ բոլորը շատ պայծառ երիտասարդներ են և ճիշտ պահանջ են դնում: Իրար մեջ դավաճաններ փնտրելը հենց դա է դավաճանություն, այնտեղ բոլորը նույն նպատակի համար են կանգնած և պետք չէ ինչ-ինչ ուժերի, «գործիչների» լսել և իրար մեջ դավաճաններ փնտրել»,-ասաց նա։

Պատգամավորը պայքարող երիտասարդներին հորդորեց զգույշ  մնալ սադրիչներից, որովհետև այնտեղ, որտեղ շատ մարդ է հավաքվում, այնտեղ սադրիչներ լինում են։

«Տառապանքս փորձ ունի, 2004 թվականի ապրիլի 12-ին ես էլ եմ ջրվել Բաղրամյան փողոցում, դրա համար խնդրում եմ զգուշ լինել և իրենց մեջ դավաճաններ չփնտրել, ցանկացած լուսավոր շարժման դա վարկաբեկում է»,-ասաց նա։

Ըստ նրա՝ այն երիտասարդները, ովքեր առաջարկում էին տեղափոխվել Ազատության հրապարակ, ավելի սթափ էին գնահատում իրավիճակը, քանի նրանք, ովքեր գտնվում էին Բաղրամյան պողոտայում։