Ցուցարարները կարող են վերադարձնել աղբարկղները, եթե ոստիկանությունն առաջարկի մեկ այլ ֆիզիկական միջոց`բաժանման գիծը պահելու համար


18:57 , 29 հունիս, 2015

Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ, շուրջօրյա խաղաղ հավաքի անվտանգությունն ապահովելու համար ցուցարարները ստիպված են եղել օգտագործել «Սանիտեք» ընկերությանը պատկանող աղբարկղները։ Այդ աղբարկղներից կազմված գիծն անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության և ցուցարարների միջև ձևավորվի անվտանգ տարածություն՝ լրագրողների աշխատանքի և տարատեսակ սադրանքներից խուսափելու համար։

Ցուցարարները կարող են ենթարկվել ոստիկանության պահանջին՝ հետ վերադարձնել աղբարկղները, եթե ոստիկանությունն առաջարկի մեկ այլ ֆիզիկական միջոց, որը հնարավորություն կտա պահպանել ձևավորված բաժանարար գիծը և կհանդիսանա արդյունավետ միջոց հավաքի անվտանգությունն ապահովելու համար։ Եթե ոստիկանությունը պատրաստ է անել նման ողջամիտ առաջարկ, ապա ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում հորդորել ցուցարարներին՝ փոխարինել աղբարկղներով կազմակերպած բաժանարար գիծն այլ համարժեք առարկաներով։