Երբ մարդիկ իրենց ամենանուրբ զգացմունքներն են արտահայտում կիսահայերեն, դա արդեն շատ լուրջ խնդիր է


17:45 , 11 նոյեմբեր, 2012

Մի երկու ամիս առաջ մի բարձր դասարանների դպրոցականի հանդիպեցի, որը տրանսլիտով էր մենակ կարողանում գրել, հայերեն տառերը չգիտեր: Ապշեցի: Երբ հարցրի, թե կա՞ն էլի աշակերտներ, որոնք հայերեն տառերի տեղը միայն լատինատառ են գրում, ասաց, որ ինքը ճանաչում է մի քանիսին:

Ժամանակ առ ժամանակ փողոցներում տեսնում եմ գրություններ «es qez sirum em», «chem karox aranc qez» և այլն: Երբ մարդիկ իրենց ամենանուրբ զգացմունքներն են արտահայտում կիսահայերեն, կարծում եմ՝ դա արդեն շատ հոգեբանական պրոցեսներ առաջացնող գործոն է:

Կարծում եմ՝ ոչ հայատառ գրելը այն լուրջ խնդիրներից է, որը մինչև հիմա գիտակցված ու ուսումնասիրված չէ: Ցավոք, ես բացի իմ նման ոչ մասնագիտական մեկնաբանություններից չեմ տեսել (գուցե կան, ուղղակի ես չեմ տեսել) որևէ պրոֆեսիոնալ վերլուծություն, թե ինչ հետևանքներով է հղի համատարած ոչ հայատառ շփումը: Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր բանասերներն ու լեզվաբանները, բայց նման խնդիրներին պրոֆեսիոնալ անդրադարձ է պետք: