Լրագրությունը դադարել է լինել ստեղծագործական մասնագիտություն


01:22 , 29 մայիս, 2015

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հետևում եմ հայաստանյան լրագրության որակին: Չէի ասի, որ առանձնապես մեծ բացահայտում արած կլինեմ, եթե առաջարկեմ լրագրությունը որպես առանձին մասնագիտություն ԲՈՒՀ-երում դադարեցնելու մասին:

Չեմ ցանկանա առանձին-առանձին անդրադառնալ տարբեր լրատվամիջոցների հաղորդագրություններին, սակայն վերջին օրերին դրանք պարզապես զավեշտի են վերածվում՝ «...ՄԻՋՈՒԿԱՅԻՆ վառելիքի տեսակարար ծախսը փոքր ՀԷԿ-երում...» կամ ...«արտադրված էլեկտրաէներգիան ՀՈՂԻՆ հանձնելու ավանդույթը...» և այլն:

Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ լրագրությունը որպես առանձին մասնագիտություն պարզապես չի կարող զարգանալ, և այսօրվա օգնության հասած քոփի-փեյսթ մատների կոմբինացիան ցանկացած նյութ կարող է աղավաղել և ձևավորել ոչ օբյեկտիվ հասարակական կարծիք: Այսպիսով, լրագրությունը դադարել է լինել ստեղծագործական մասնագիտություն:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարեցտարի լրագրության ոլորտի որակական անկումները, ինչպես նաև կարևորելով լրագրությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում՝ անհրաժեշտ է որոշ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ իրականացնել այս ոլորտի զարգացման շրջանակներում: Որպես օրինակ կարող եմ առաջարկել լրագրությունը՝ որպես լրացուցիչ մասնագիտություն, դիտարկել յուրաքանչյուր մասնագիտության հետ զուգահեռ՝ լինի դա էկոնոմիկա, թե էներգետիկա, թե առողջապահություն, թե բնապահպանություն, թե այլ...