«Հայաստանի առաջին սերիալը ես եմ նկարել». Հայկ Ղուկասյան


19:15 , 27 մայիս, 2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խորհրդական, Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում։ Նրա փոխանցմամբ՝ «Երկար վերադարձ» կոչվող ֆիլմն Արցախյան ազատամարտի մասին է, ֆիլմի հիմքում իրական փաստեր են։ Ֆիլմում խաղացել են Շանթ Հարությունյանը, Սարգիս Գրիգորյանը, Անի Խաչիկյանը, Գնել Ուլիխանյանը և այլք։

«Ներկայանում եմ դրական կերպարով։ Ֆիլմում նաև դուդուկ եմ նվագում։ Այստեղ ընտրվել են դերասաններ, ովքեր արտաքնապես նման են եղել իրական հերոսներին։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը բավականին մեծ արխիվ ունի պատերազմից, քանի որ այն ժամանակ որպես լուսանկարիչ եղել է պատերազմի դաշտում»,- BlogNews.am-ին ասաց Հայկը՝ հավելելով, որ այս ֆիլմում նկարահանվել է առանց գումարի, քանի որ իր համար կարևոր է դրա բարոյախրատական դերը։

Ըստ մարզիչի՝ ինքը ֆիլմերում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, սակայն միշտ մերժել է։ «Շատ են ասել՝ շատ ենք խնդրում, նկարահանվեք, սցենարը կլինի Ձեր ուզածով, Ձեր իրական անունը նույնիսկ չենք փոխի, գումարը կվճարենք Ձեզ։ Ես միշտ մերժել եմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, սակայն այս անգամ առաջարկն ընդունեցի, քանի որ ռեժիսորը խնդրեց՝ ասելով, որ արտաքնապես շատ նման եմ իրական հերոսին, հակառակ դեպքում ինձ չէին առաջարկի այս դերը»,- ասաց Հայկը։ Ըստ նրա՝ իր խաղից դժգոհ չեն մնացել։ Հարցին՝ կարողացե՞լ է լուծել իր առջև դրված խնդիրը, նա պատասխանեց. «Մի բան էլ ավելի։ Եթե սցենարն ինձ դուր գա, կընդունեմ առաջարկը։ Խաղալն ինձ մոտ լավ է ստացվում։ Երևի թե, ես շատ եմ «press conference»-ներ (մամուլի ասուլիսներ) արել, միջոցառումներ կազմակերպել, կազմակերպչական գիծն ինձ մոտ շատ լավ է ստացվում, խաղալը ես գիտեմ՝ ինչ է։ Գլխավոր ռեժիսորը հրահանգը տալիս է ու իր ուզածը ստանում է»։

Հայկից տեղեկացանք, որ այժմ 2 ֆիլմ կա, որոնց սցենարներն իրեն շատ են դուր եկել, և համաձայնել է նկարահանվել։ Նրա խոսքով՝ շատ է կարևորում ֆիլմում հնչող խոսքը, իսկ սերիալներում երբեք չի նկարահանվի։

Հարցին՝ արդյոք փորձո՞ւմ է անցնել նույն ճանապարհը, որ ժամանակին անել է գործընկերը՝ Գոռ Վարդանյանը, և ակնկալո՞ւմ է նույնպիսի հաջողություններ, Հայկն արձագանքեց, որ ինքը դրա ժամանակը չունի։ «Ես ֆիլմում ինձ չեմ տեսնում Գոռի կերպարով, որպեսզի ֆիլմի բոլոր գործերը ես անեմ։ Ես ոչ ոքի հետ մրցակցության մեջ չեմ մտել։ Ես խնդիր չունեմ ավելի շատ շրջանառված լինել, քան Գոռը։ Ես ունեմ իմ աշխատանքը, և ինձ համար ավելի կարևոր է ավելի շատ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ տալ։ Հայաստանում ես մրցակից չունեմ»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը։

Նրա խոսքով՝ Հայաստանի առաջին սերիալն ինքն է նկարահանել։ «2007 թվականին, երբ «Վերվարածները» դեռ նոր էր եթերում, Միացյալ նահանգներում  ես նկարահանում իրականացրեցի, 60 սերիայի սցենար գրվեց, հեռուստաընկերություններից մեկը գնեց այն, ես ֆիլմի տնօրենն էի։ Նկարում էինք ամենալավ կամերաներով, նկարվում էին ամենալավ դերասանները՝ Արտաշես Ալեքսանյանը, Սերգեյ Բեզրուկովի հետ արդեն պայմանավորվել էինք, որ պետք է նկարահանվեր։ Նկարեցինք 4 սերիա, սակայն բյուջեն չհերիքեց, քանի որ շատ ծախսատար էր. մեկ սերիայի բյուջեն հասնում էր 3000 դոլարի, 180.000 դոլար էր հարկավոր, որ դա ավարտեինք»,- պատմեց նա։

Ամեն դեպքում, Հայկն ասաց, որ չի ուզում խորանալ այս ասպարեզում, որովհետև ինքը մենամարտեր է կազմակերպում և ժամանակ չունի դրա համար. «Եթե մի բան անում ես, պետք է լավ անես։ Ես կարող եմ լավ ֆիլմեր նկարել, բայց չեմ կարող վաճառել։ Ես դրա տեղը չգիտեմ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի