Tert.am–ը գրում է.
Բունդեսվերի գեներալ Հանս-Լոտար Դոմրյոզեն, ով Բրյունսումում (Նիդերլանդներ) ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հարամանատարն է, Focus ամսագրին տված հարցազրույցում բնութագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` գեներալը, մասնավորապես, նշել է, որ ՆԱՏՕ-ին մտահոգում է Ռուսաստանի կողմից ատոմային զենքի կիրառման հնարավորությունը: «Ռուսները չեն բացառում ատոմային զենքի մարտավարական կիրառումը որպես պատերազմի վարման միջոց: Մենք՝ ոչ», - հայտարարել է Հանս-Լոտար Դոմրյոզեն:
Նրա կարծիքով` նախագահ Պուտինը կարողանում է լավ հաշվարկել իրավիճակը: Բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի նախագահը «մոլի խաղացող է»: «Նա խելագար չէ, նա խաղացող է, և դա կարող է վտանգավոր լինել»,- ասել է գեներալը:
Նա նաև ընդգծել է, որ ոչ անձամբ ինքը, ոչ ՆԱՏՕ-ն չեն դիտարկում Ռուսաստանը՝որպես թշնամու: Վատագույն դեպքում՝ որպես հավանական վտանգ:
«Կարևոր եմ համարում ընդգծել՝ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի ցանկանում պատերազմ, սակայն մենք պատրաստ ենք պաշտպանել դաշինքի անդամ երկրների բնակչությանը: Հույս ունեմ, որ նախագահ Պուտինը դա հասկանում է: Եվ այդ իսկ պատճառով ես մինչ այժմ հանգիստ քնում եմ»,-ասել է գեներալը: