Անելու ենք ամեն ինչ՝ հարցը արդար ավարտին հասցնելու ու մեղավորին պատժելու համար. Ս. Օհանյանը՝ կուրսանտի սպանության մասին


14:10 , 23 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած սպանության գործի ընթացքից:

Նախարարը նշեց, թե նախարարությունն իր կողմից իրականացված միջոցառումներն ամբողջությամբ ավարտել է: «Մենք համապատասխան կադրային փոփոխություններ ենք իրականցրել, նշանակումները կատարվել են ԶՈւ ամենաբանիմաց սպաների կողմից և նաև շարունակական կերպով թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հիմնական գործընթացն իրավական դաշտում է: «Անընդհատ համագործակցում ենք իրավական ոլորտի հետ և անելու ենք ամեն ինչ՝ հարցը վերջանական և արդար ավարտին հասցնելու համար, և այն մարդիկ, որ իրականացրել են՝ պատժվելու են»,- ասաց նա:

Նախարարը հավատացրեց, որ անձամբ հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատիժը կրեն:

«Ես մեր իրավական ոլորտի գործընկերներին հարց եմ տվել, որ որևէ խոչընդոտող հանգամանք կա՞, որևիցե մեկը փորձե՞լ է կողքից ազդեցություն ունենալ. ո՛չ ՊՆ-ից, ո՛չ մեր պետության որևէ կառույցներից որևէ մեկը չի փորձել մտնել այս խնդրի մեջ, և ես ինքս հետևողական եմ լինելու, որպեսզի պատիժը ստանան այդ խախտումն իրականացրածները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի ծնողները մտահոգություն են հայտնել, թե ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը, ում որդին այս սպանության գործով ձերբակալված է, փորձում է իր լծակներն ու կապերը գործի դնելով՝ ճնշում գործադրել նախաքննության վրա: