Գռազ գալի՞ս եք


02:59 , 23 մայիս, 2015

1956 թվականի սեպտեմբերն էր: Նյույորքցի Թոմաս Ֆիթցփեթրիկը սովորականի նման ընկերների հետ խմում էր Մանհեթենի գարեջրատներից մեկում: Հինգերորդ բաժակից հետո նա ասաց ընկերներին. «Գրազ գալի՞ս եք, որ ես հիմա դուրս կգամ և ուղիղ կես ժամից կվերադառնամ այստեղ... ինքնաթիռով»... Բնականաբար, բոլորը ծիծաղեցին ու գռազ եկան: Թոմասը նստեց տաքսի, գնաց Նյու Ջերսիի ուսումնական ավիաբազան, նստեց փոքր ինքնաթիռներից մեկը և ուղիղ կես ժամից վայրէջք կատարեց Մանհեթենի սուրբ Նիկոլասի ավենյուում՝ հենց գարեջրատան առջև: Բայց սա դեռ ամենը չէ: Երկու տարի անց՝ 1958-ի աշնանը, Թոմասը կրկին նստած էր գարեջրատանը և հաճախորդներից մեկին պատմում էր իր անհավանական արկածի մասին: Հաճախորդը միայն ծիծաղում էր և, բնականաբար, չէր հավատում: «Հիմա որ կրկնեմ արածս՝ կհավատա՞ս,-վրդովված հարցրեց Թոմասն ու ավելացրեց,-տեղ չգնաս, ես կես ժամից կվերադառնամ»... Ու կես ժամից ինքնաթիռով կրկին վայրէջք կատարեց Մանհեթենի փողոցում... Հավատացեք մարդկանց, նույնիսկ եթե նրանք արդեն հինգ բաժակ գարեջուր են խմել...