ԼՂՀ երկու կուսակցություն համագործակցության հուշագիր են ստորագրել


10:28 , 20 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը երեկ ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջև համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման եվ ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձևավորման հարցերում, տեղեկացնում է  ԱԺԿ մամլո ծառայությունը։

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու:

Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, և այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի:

Միջոցառմանը մասնակցում էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները: