ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԿԺԴՀ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը


11:54 , 18 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն և իր գործընկերներն ուսումնասիրում են հետագա քայլերը՝ ՄԱԿ-ի բանաձևերը կյանքի կոչելուց ԿԺԴՀ-ի «անխոհեմ հրաժարվելու» առնչությամբ, գրում է ТАСС-ը:

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սեուլում Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյոն Սեի հետ հանդիպման արդյունքներով:

Պետքարտուղարը հավելել է, որ ԿԺԴՀ-ն հիմք չի տալիս իր հետ բանակցություններ վարելու համար:

«ԿԺԴՀ-ն անգամ չի մոտեցել այն ստանդարտներին, որոնք հաստատված են բանակցություններ վարելու համար»,- ասել է Քերին: Դրա հետ կապված՝ պետքարտուղարն արտահայտվել է Փհենյանի վրա ճնշումը մեծացնելու օգտին:

Նա նաև չի բացառել, որ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում ԿԺԴՀ-ի վարած քաղաքականության գործը կարող է փոխանցվել Միջազգային քրեական դատարան: