Բոլոնիայի գործընթացում պետք է կամուրջներ կառուցենք այնպես, ինչպես քոչարիի դեպքում. Գերմանիայի պատվիրակ


13:36 , 15 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության տնօրեն Պիտեր Գրայսլերը երեկ անակնկալի է եկել, երբ իրեն փորձել են քոչարի սովորեցնել:

«Մենք չգիտեինք, որ պետք է պարել սովորենք»,- Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ասաց նա՝ նշելով, որ իր համար հատկապես տպավորիչ էր եղել «կամուրջներ կառուցելը»՝ միմյանց ձեռքը բռնելով:

«Մեզ երեկ սովորեցրել են կամուրջներ կառուցել՝ պարի միջոցով, իսկ կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը և աջ կամ ձախ գնալ: Այո, մենք պետք է կամուրջներ կառուցենք նաև Բոլոնյան գործընթացում, ինչպես երեկ Բելառուսի հետ կամուրջ կապեցինք՝ նրանց անդամագրելով»,-ասաց նա:

Բանախոսն անդրադարձավ նաև չօգտագործված աշխատուժին, ինչպես նաև նշեց. «Մենք մի այլ հակասություն էլ ունենք՝ բարձրագույն կրթության կարողություններ այն տարածաշրջանում, որտեղ կրթության կարիք այդքան էլ չկա, և հակառակը»։  

Ըստ նրա՝ Բոլոնիայի գործընթացի հիմնաքարերից մեկը ինքնավարությունն ու շարժունակությունն է, որն օգնում է պատասխանել շուկայի մարտահրավերներին: