ԱԺ-ի վերջնական դիրքորոշման սպասումով


12:56 , 12 մայիս, 2015

Մշակութային ժառանգության շատ բնագավառներ կարգավորվում են օրենքներով, և դա բարենպաստ է անդրադառնում դրանց գործունեության վրա: Ցարդ չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը: Եվ ահա Մշակույթի նախարարությունը կառավարություն էր ներկայացրել «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ անցած նիստում և սահմանված կարգով ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով: ԱՊՀ երկրների թանգարանային ոլորտը կարգավորող օրենսդրությունից զատ նախարարությունն օրենքի մշակման ընթացքում ուսումնասիրել է նաև Կանադայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ճապոնիայի համապատասխան օրենսդրությունը. այս երկրներն աչքի են ընկնում թանգարանային գործի զարգացման բարձր մակարդակով:

Օրենքի նախագիծը դեռ 2009թ. տեղադրվել է Մշակույթի նախարարության կայքում: 2011թ. լրամշակված տարբերակը կրկին ուղարկվել է բոլոր թանգարաններ, մի շարք ՀԿ-ներ, մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան: Ներկայացված դիտողությունների հիման վրա օրենքի նախագիծը վերամշակվել է:
Օրինագիծն, ըստ սեփականության ձևի, տարանջատում է թանգարանի երեք տեսակ` պետական, համայնքային, ոչ պետական: Թվարկված են թանգարանի գործունեության նպատակները` բնության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին, գիտականորեն հիմնավորված, հաշվարկված թանգարանային առարկաների և հավաքածուների ձևավորումը, դրանց գիտական մշակումը, հետազոտումը, ուսումնասիրումը և թվայնացումը, հանրայնացումը և այլն:

Օրինագծում ամրագրված է այն դրույթը, որ թանգարանի շենքերը և զբաղեցրած տարածքները հասարակության կամ պետության կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով: Նախագծով կարգավորվում են ոչ միայն պետական թանգարանային ֆոնդի հետ առնչվող հարաբերությունները, այլև մասնավորի ընդգրկման և ֆոնդից դուրսգրման սկզբունքները: Օրինագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանդության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

Հավանություն տալով օրինագծին՝ կառավարությունը հավանություն է տվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին, որի ընդունումը պայմանավորված է «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի 12-րդ (Թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանությունը) և 26-րդ (Թանգարանների ֆինանսավորումը) հոդվածների պահանջներով, որոնց չկատարման դեպքում պատասխանատվություն է սահմանվում:
Առաջիկայում օրենքի նախագիծը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում և ընդունման դեպքում կսկսի ծառայել իր նպատակին: