Մի՛ հարամեք մեր Հաղթանակն ու Հիշողությունը


17:48 , 7 մայիս, 2015

Ապրիլի 24-ից հետո բոլորիս մեջ հպարտություն կար, որ կարողացանք համախմբված, միասնական, քաղաքակիրթ լինել, մեկ դառած՝ ազգով անցկացրինք էդպիսի հսկա ձեռնարկումն ու աշխարհին ասեցինք՝ մենք է՛ս ենք, ու մենք հա՛յ ենք: 88-ի փետրվարի նման մի բան կար էդ օրերին ու նաև ներքին ուրախություն, որ ոչ մեկին թույլ չտվինք մրոտել մեր միակամությունը: Բայց կարող էին, չէ՞, ուզում էին, չէ՞: «Հիմնադիր խորհրդարան» անհասկանալի անունով իրենց կնքածների խմբակը հայտարարել էր, չէ՞, նահատակների գերեզմաններին «հեղափոխական» պար բռնելու իր վճռականությունը: Հավատացե՛ք, շատերի գոհունակությունն եմ տեսել, որ դրանց մեկուսացրին պատասխանատու մարմինները: Ու թվաց՝ սրանք ժողովրդի վերաբերմունքից պիտի հասկանային, որ սրբապղծությունը բոլո՛րն են մերժում՝ իշխանամետ, թե ընդդիմադիր: Թվաց՝ պիտի հասկանային ու խելքի գային: Բայց պարզվեց՝ ընդամենը թվում էր: Հիմա էլ պատրաստվում են Հայրենական պատերազմում զոհվածների, Ղարաբաղի ճակատներում զոհվածների գերեզմաններին, որդի կորցրած մայրերի, հայր կորցրած զավակների հիշողության վրա պար բռնել: Մեր Սգի վրա թքելը չհաջողվեց, հիմա էլ մեր Հաղթանակի վրա են ուզում թքեն: Լա՛վ, սա ի՞նչ կենդանական մոլուցք է, տարելից ու տարեդարձ հարամելու ի՞նչ անմարդկային սևեռում է: Չեք հասկանո՞ւմ, որ մարդիկ մերժում են ձեզ ու ձեր մեթոդները: Չեք հասկանո՞ւմ, որ դուրս եք մղվել մեր առողջ մարմնից: Գիտեք, չէ՞, անմաքուր արյունը չիբանի տեսքով ուռչում, հետո պատռվում, պրծնում, գնում է: Մարմինն իրան էդպես է մաքրում, ժողովուրդ-մարմինն անմաքուրը մաքրում է մերժումով ու մոռացումով: Ինչի՞ եք ձեզ էդ հեռանկարին արժանացնում: Հանդիսատես եք ուզո՞ւմ, գնացեք ցիրկ կամ գազանանոց, էնտեղ խաղեր տվեք: Ի՞նչ եք ուզում մեզանից, ինչի՞ եք ճանճի նման կպել: Վար անողը մենք ենք, դուք նույնիսկ վարատեղից չեք գալիս, այլ ձեր առանձնատներից ու կերատաշտերի մոտից: Գալիս եք, որպես կերածի հաշվետվություն բըլթ եք անում, հարամում շուրջը ու անհետանում: Ապրիլի 24-ից առաջ ասել եմ՝ ձեր «հեղափոխությունը» (որ ձեր տերերի համար եք խաղում) ապրիլի 25-ից արեք, եթե կարող եք: Հիմա էլ կրկնում եմ՝ մայիսի 10-ին արեք ձեր «հեղափոխությունը», եթե կարող եք, մի՛ հարամեք մեր Հաղթանակն ու Հիշողությունը: Արեք, եթե կարող եք: Բայց չե՜ք կարող… Մարդիկ չե՛ն ուզում ձեր «հեղափոխությունը»: Մարդիկ ուզում են՝ տուն շինեն, էրեխա բերեն, ծառ տնկեն, մարդիկ ուզում են՝ խունկ ծխեն նահատակների գերեզմաններին ու գինի խմեն հաղթած զինվորի պատվին: Մարդիկ ապրել ու ստեղծել են ուզում, ոչ թե «հեղափոխել» ու ավերել: Մարդիկ առողջ են, ազգն իմաստուն է, երկիրը մերն է: Իսկ դուք բուժվելու կարիք ունեք: Կամ բուժվեք ու դարձեք բոլորի նման, այսինքն՝ մա՜րդ եղեք, կամ էլ գնացեք՝ «հեղափոխություն» արեք էն տեղերում, որտեղից ձեզ ղեկավարում են՝ մե՛ր դեմ, տեսնեմ քանի՞ օր կդիմանա ձեր տերերի համբերությունը…