Հասան Ջեմալի «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքը՝ Թուրքիայում բեսթսելլեր


11:18 , 30 հոկտեմբեր, 2012

Ինչպես հայտնում է թուրքական Zaman թերթը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ, թուրքական Milliyet թերթի մեկնաբան Հասան Ջեմալի` սեպտեմբերի սկզբին հրատարակած «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքն անմիջապես հայտնվել է ամենաշատ վաճառվող գրքերի թվում: Թերթը գրում է, որ ուշագրավ է, որ գրքում խոսվում է Օսմանյան կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ կայացրած որոշման մասին, և որ այդ գրքի հեղինակը Ջեմալ փաշայի թոռն է, որի պապին հայերը վրիժառության նպատակով 1921 թվականին սպանել են Թիֆլիսում:

Գրքի հրատարակման մյուս ուշագրավ կողմն այն է, որ Թուրքիայում մտավորականները սկսել են քննարկել երկրի գլխավոր հարցերը` վերջ դնելով առկա տաբուներին: Այս գիրքն անմիջապես հայտնվեց ամենաշատ վաճառվող գրքերի թվում, ինչը վկայում է, թե Թուրքիայում որքան մեծ է հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ: