Իրանն ու Սաուդյան Արաբիան կմասնակցեն Սիրիայի հարցով ժնևյան խորհրդակցություններին. ՄԱԿ


09:36 , 2 մայիս, 2015

Alyemeny02-04-2015-6682691in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով խորհրդակցություններին, որոնք կսկսվեն Ժնևում մայիսի 4-ին, կմասնակցի ավելի քան 10 երկիր՝ ՄԱԿ ԱԽ-ի անդամները և տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

Նշվում է, որ ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն խորհրդակցություններին տարբեր ժամանակ՝ մի քանի շաբաթների ընթացքում։ Սիրիայից հրավիրված են կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Իսլամական Հանրապետությունը ներառվել էր 2014-ի հունվարին «Ժնև-2» համաժողովի մասնակիցների նախնական ցուցակում, սակայն սիրիական ընդդիմության ու նրան աջակցողների ճնշման ներքո հանվել։ Այս անգամ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան պնդել է խորհրդակցություններին Թեհրանի մասնակցությունը։