Պատմության այս օրը - Միքայել Քոթանյան


18:01 , 27 հոկտեմբեր, 2012

Միքայել Քոթանյանը ծնվել է 1927թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի Իրինդ գյուղում: 1945 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: 1950-1951թթ. աշխատել է «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում որպես ֆինանսիստ: 1951թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, ապա գործուղվել ԽՍՀՄ գիտւոթյունների ակադեմիա: 1956թ. պաշտպանել է թեկնածուական, 1972թ. դոկտորական թեզերը, ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 
1954-1958թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում որպես դասախոս: 
1960-1964թթ. եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսության» ամսագրի գլխավոր խմբագիրը, այնուհետև 1964-1983թթ.`աշխատել է Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրենի գիտական գծով տեղակալ: 1977թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից, իսկ 1986թ.` իսկական անդամ:
1983-1987թթ. աշխատել է որպես ՀԿԿ կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ, 1987-1999թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն: 
Միքայել Քոթանյանը 1989 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հայաստանի տնտեսագետների միության ղեկավարը, ՀՀ ԳԱԱ, Երևանի ժողովրդական տնտեսությսն ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության գծով աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի, ՀՀ կրթության և գիտության թեմատիկ ֆինանսավորման հանձնաժողովի նախագահ: Մ.Քոթանյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության գիտական խորհուրդը, եղել է Հայաստանի ժուրնալիստների միության և Տնտեսագետների միջազգային միության անդամ: Նա ավելի քան 100 գիտական աշխատանքների հեղինակ է: 
1999թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ: 
Հարուստր է Միքայել Քոթանյան մարդու, քաղաքացու, մանկավարժի ու գիտնականի կենսագրությունը: 
Տասնամյակներ շարունակ նա զբաղվել է տնտեսագիտության տեսության խնդիրների, հիմնահարցերի նորովի մշակմամբ: Նա պաշտպանել է այն գիտական տեսակետը, որ մարդկային հասարակության գոյության և զարգացման հիմնական պայմանը նյութական և հոգևոր բարիքների արտադրությունն է: 
Չափազանց կարևոր է, որ Մ. Քոթանյանի ուսումնասիրությունները համահունչ են եղել ժամանակի ոգուն: Ազգային էկոնոմիկայի ստեղծման վերաբերյալ նրա արժեքավոր ուսումնասիրությունները մեծապես նպաստում է անցման շրջանում հանրապետությունը տնտեսական ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն: Նա անդրդվելի էր նպատակային համալիր ծրագրերի մշակման գործում: Պահանջում էր ունենալ հստակ հայեցակարգեր, անկախ նրանից, թե ինչքան ժամանակով կհետաձգվի Ղարաբաղի հարցի լուծումը: Անհրաժեշտ էր համարում մշակել շուկայական տնտեսության ազգային մոդել այլ ոչ թե կուրորեն հետևել տարբեր միջազգային ֆինանսական կառույցների երաշխավորություններին: Դրանք թերարժեք են դրսեվորում մեր երկրում, որովհետև հաշվի չեն առնում հայ մարդու առանձնահատկությունների գործոնը, ազգային մտածողությունը, երկրի պայմանները: 
Մեծ է Միքայել Քոթանյանի դերը որպես գիտության զարգացման կազմակերպչի, տնտեսագիտության առաջնահերթային ուղղությունների ընտրության և դրանք արդի պահանջներին ծառայեցնելու գործում: Անհրաժեշտ է հիշատակել տնտեսագիտության գծով կադրերի պատրաստման, հասարակական-քաղաքական, մանկավարժության ասպարեզում նրա երկարամյա և արգասաբեր վաստակը: 
1950-ական թվականների կեսերից, Մ. Քոթանյանը դասախոսել է Երևանի մի շարք բուհերում, վարել է հանրապետական մակարդակի պատասխանատու պաշտոններ: Նրա գիտական ղեկավարությամբ բազմաթիվ ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզեր և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 
Մ.Քոթանյանը խոստումնալից աշխատանք էր սկսել Ազգային ժողովում: Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկել էր բազմաթիվ սկզբունքային հարցադրումներ` ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը: 
Միքայել Քոթանյանի ողբերգական մահն անդառնալի կորուստ է տնտեսագիտության, ՀՀ հասարական-քաղաքական կյանքի, գիտական հասարակայնության, ողջ ժողովրդի համար: Գնահատելով նրա մեծ վաստակը գիտության մեջ Միքայել Քոթանյանի ողբերգական մահից հետո ՀՀ նախագահի որոշմամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը անվանվել է նրա անունով: Նախագահի հրամանով հետմահու նա պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան շքանշանով: Նրա անունով կրթաթոշակ է նշանակվել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Մ.Քոթանյանի անվամբ է կոչվել նաև իր հայրենի գյուղի դպրոցը: ԱՄՆ-ի դեսպանատան կողմից 2000թ. հոկտեմբերի 25-ին նրա անվամբ բացվել է Ինտերնետ համակարգչային կենտրոն Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում: Բացվել է «Միքայել Քոթանյան» բարեգործական հիմնադրամ: 
Իրականացվել է նաև մի շարք այլ միջոցառումներ Միքայել Քոթանյանի անունը որպես գիտնականի, քաղաքական գործչի, ազնիվ ընկերոջ և լավ մարդու հավերժացնելու համար: