Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին


04:36 , 27 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 26-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին` ուղեկցությամբ ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաիսի: Այս մասին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասել է, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստել այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ: Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հունական պատվիրակության անդամներին, անխափան առաքելություն ու ընթացք է մաղթել նրանց:

Իր հերթին Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն Հայաստան ու Մայր Աթոռ կատարած այցից ստացած վառ տպավորություններն է փոխանցել Նորին Սրբությանը` նշելով, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: