Սերժ Թանկյան. «Մենք դեռ այստեղ ենք, դեռ կենդանի ենք». Time


00:06 , 26 ապրիլ, 2015

Սերժ Թանկյան. «Մենք դեռ այստեղ ենք, դեռ կենդանի ենք». Time168.am-ը գրում է.

System Of A Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Time ամսագրում  անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած համերգին և Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին: Time-ը գրում է. Սերժ Թանկյանը System Of A Down-ի երգիչն է:

Խմբի բոլոր չորս անդամները ունեն հայկական ձագում: System Of A Down-ը այս հինգշաբթի գիշերը Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցավ համերգային ծրագրով: Համերգը նվիրված էր հակամարտության 100-ամյակի հիշատակին: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգն իսկապես ցնցող էր: Համերգն էմոցիոնալ էր:

Սերժ Թանկյանն ասում է. «Մենք բոլորս փոքր-ինչ լարված էինք, քանի-որ System Of A Down-ը երբեք ելույթ չէր ունեցել Հայաստանում՝ մեր պապենական հայրենիքում: Մեր՝ «Արթնացեք հոգիներ» (Wake up the Souls) խորագիրը կրող համերգային ծրագրի նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց Ցեղասպանության խնդրի վրա և հասնել դրա ճանաչմանը. մենք փորձում էինք հասնել արդարության: Դա շատ կարևոր պահ էր:

Հայաստանի ելույթը մեզ համար դարձավ ամենահիշելի ելույթներից մեկը, որը մենք երբևէ ունեցել էինք: Իմ բոլոր տատիկներն ու պապիկները, չորսն էլ, Ցեղասպանության ժամանակ փրկվածնրից են: Իմ մայրական կողմի պապը հայտնվել է Հունաստանում՝ ամերիկյան որբանոցում: Նա սովից կորցրել է իր տեսողությունը, առանձնացված է եղել իր ընտանիքից, իսկ նրա հորն ու եղբորը սպանել են:

Իմ մայրական կողմի տատիկին փրկել է թուրք ոստիկանը: Ես չգիտեմ նրա անունը, բայց նա Օսմանյան կայսրության Շինդլեր է եղել, ում պետք է ընդունել որպես փրկիչ: Իմ մյուս տատիկն ու պապիկը փրկվել են, քանի-որ աշխատել են գերմանական երկաթուղում, որը միացնում էր Բաղդադը և Թուրքիան: Այդքան շատ հայերի, հույների և ասորիների մահվան 100-ամյա տարելիցի հիշատակման միակ նպատակը այն չէ, որ հիշենք 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանիւթյունը: «Սա հնացած խնդիր չէ». ահա թե ինչ պետք է մարդիկ հասկանան: Սա ժամանակակից խնդիր է, քանի որ մենք շարունակում ենք օգտագործել ցեղասպանությունը որպես կապիտալ մեր աշխարհաքաղաքական խնդիրների մեջ, և առանձնապես ուշարդություն չենք դարձնում մարդկային կորուստների վրա, ինչպես նաև այն վնասի, որ մեկս մյուսի նկատմամբ իրագործում ենք:

Չնայած այն բանին, որ կա ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան և համագործակցող մի շարք կազմակերպությունները, այնումաենայնիվ այսօր չկա այնպիսի արդյունավետ մեխանիզմ, որը կկանխարգելի ցեղասպանությունները ողջ աշխարհում: Բռնակալը կարող է պատմության վայրագություններից օրինակ վերցնելով անպատիժ գործել, եթե չկանգնեցվի միջազգային կազմակերպությունների կողմից: Ադոլֆ Հիտլերն ասել է. «Ո՞վ է, վերջիվերջո, խոսում հայերի ոչնչացման մասին» (սա վառ ապացույց է այն բանի, որ նա եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ազդեցության տակ):

Այս ամենը կարող է կրկնվել, քանի որ Հայոց Ցեղասպանությունը երբեք պաշտոնապես չի ճանաչվել, իսկ մեղավորները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել: Թուրքիայի կառավարությունը օգտագործում է իշխելու իր ուժը և ծախսում է միլիոնավոր գումարներ՝ փորձելով ժխտել պատմական ճշմարտությունը:

Իսկ ԱՄՆ-ն տուրք է տալիս Թուրքիայի այդ ուժին, և չի օգտագործում Ցեղասպանություն բառը: Երբ Բարաք Օբաման նախագահի թեկնածու էր, նա խոստացավ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսկ հիմա, երբ նա արդեն նախագահ է, չի օգտագործում այդ տերմինը. դա նրա կողմից երեսպաշտություն է: Դա, ըստ էության, շատ վիրավորական է հայ նահատակների հիշատակի նկատմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի պատմության նկատմամբ:

Հինգշաբթի գիշերը, մինչև բեմ բարձրանալը, մտածում էի, որ այս համերգով մեծարում եմ տատիկիս ու պապիկիս ողջ մնալը: Համերգի սկսվելուց առաջ, մեր կիթառահար Դարոնը (Մալակյան) ասաց. «Սա պարզապես ռոքն ռոլ շոու չէ: Մեզ սպանողների համար սա վրեժ է»: Ես կարծում եմ` սրամիտ էր ասված: Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ կենդանի ենք»: