Tert.am–ը գրում է.
Հազարավոր մարդիկ մասնակցել են Մոնտեվիդեոյի կենտրոնական փողոցներով անցնող երթին` պահանջելով «հիշողություն, արդարություն և փոխհատուցում» մեկուկես միլիոն հայերի կյանքի համար, որոնք 100 տարի առաջ նահատակվել են Օսմանյան կայսրության տարածքում:
Երթը կազմակերպվել է Ուրուգվայի Հայ երիտասարդների միության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ: Երթը մեկնարկել է Մոնտեվիդեոյի քաղապետարանի այգուց և ավարտվել Անկախության հրապարակում, որտեղ մի շարք երաժշտական ներկայացումներ են տեղի ունեցել:
Երթի մասնակիցները պաստառներ էին պատրաստել` «Թուրքիա, ցեղասպան պետություն» կամ «1 500 000 կյանք արդարություն է պահանջում» գրություններով:
«Այս երթով պահանջում ենք մեր ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաև՝ ներկայում տեղի ունեցող և անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչում, որոնք անպատիժ են մնացել», - ասել է Ուրուգվայի Հայ երիտասարդների միության խոսնակ Սարգիս Փանոսյանը:
Ոգեկոչման երթին մասնակցել են նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան։