Հայ որբերը վերապրեցին և վերածնվեցին որպես ԱԶԳ


21:50 , 24 ապրիլ, 2015


Նվեր Սաֆարյան



Նվեր Գևորգի Սաֆարյան (1907 թ․ հոկտեմբերի 23 (հին տոմարով՝ 10-ին), քաղաք Էրճիշ, Վան ― 1982 թ․ սեպտեմբերի 28, Երևան, Հայաստան), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930-ից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։

Կենսագրություն

1915 թ․ Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թ․։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։

Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թ․, 1940-ին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927-ից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933-ից՝ վաշտի հրամանատար, 1940-ին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվոռնայա քաղաքի շրջանում։ 1941-ի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետ մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942-ի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։

Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943-ի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944-ի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև Լեհաստանի ազատագրմանը, 1945-ի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։

Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռեյխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։

1949-ին վատառողջության պատճառով զորացրվել է։

Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը (1) և Երևանի Սաֆարյան փողոցը (2)։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թ․ նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը (3), որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։