Tert.am-ը գրում է.
Մոլդովայի հայկական համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ria.ru-ին հայտնել է, որ Քիշնևում տապալել են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:
Այժմ Մոլդովայում անց են կացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր: Քիշնևում կազմակերպվել են համաժողովներ և սգո հանրահավաքներ:
«Հիշատակի միջոցառումների շրջանակում չորեքշաբթի երեկոյան Քիշնևի կինոթատրոններից մեկում մենք պատրաստվում էինք ցուցադրել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը: Բայց վերջին պահին ֆիլմի ցուցադրությունը տապալվել է: Մեզ հայտարարեցին, որ «մենք չենք կարող թույլ տալ ցուցադրել ֆիլմը»: Հրահանգը ստացվել է կառավարական շրջանակներից»,- պատմել է Վարդանյանը:
Նա ընդգծել է, որ հիշատակի միջոցառմանը հրավիրվել են մոլդովացի հայտնի անձինք, լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր երկրների դեսպաններ:
«Ակնհայտ է, որ կինոցուցադրության տապալումը Մոլդովայում դիվանագիտական սկանդալ կառաջացնի: Դեսպանները գնացին՝ վիրավորված տեղի ունեցած միջադեպից: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացվել է այդ մասին»,- նշել է Վարդանյանը: