Մի լուսանկարի պատմություն. միայնակ մի ամբողջ բանակի դեմ (Photo)


18:57 , 21 ապրիլ, 2015

Վերմախտի 6-րդ տանկային դիվիզիան 48 ժամ շարունակ մարտ էր վարում մինուճար ԿՎ-1 (Կլիմ Վորոշիլով) տանկի դեմ։ Հայրենական պատերազմի այս դրվագը մանրամասնորեն նկարագրված է գնդապետ Էրհարդ Ռաուսի հուշերում։ Նա պատմում է, որ մի անգամ 50 տոննայանոց միակ ԿՎ-1 տանկը հարձակվեց գրավված Ռայսենյայ քաղաքից դեպի գերմանացիներն ուղևորված 12 մեքենաներից բաղկացած շարասյան վրա ու ոչնչացրեց այն ամբողջությամբ՝ գնդակոծելով, հրետակոծելով ու իր թրթուրներով ճզմելով բոլորին։ Այնուհետև տանկը դիպուկ կրակով իր հրանոթից ոչնչացրեց հրետանային մի մարտկոց, որը բնականաբար պատասխան կրակ էր վարում, բայց ամեն ինչ ապարդյուն էր։

Հակատանկային հրանոթների արձակած արկերն անգամ հետքեր չէին թողնում, ու դրանից ցնցված գերմանացի զինվորները ԿՎ-1 տանկերին տվեցին «Ուրվական» անվանումը։ Խորհրդային այս ծանր տանկերը պատերազմի առաջին օրերին խիստ տհաճ անակնկալ էին գերմանացիների համար, քանի որ դրանց զրահն այնքան հաստ ու ամուր էր, որ նույնիսկ 150մմ հաուբիցները չէին կարողանում ծակել այն։ Այս մարտի ժամանակ Ռաուսի զինվորները մեծ զոհերի ու զինամթերքի ծախսի գնով սկզբում կարողացան անշարժացնել խորհրդային հսկային՝ վնասելով դրա թրթուրը, սակայն ԿՎ-1-ը չէր պատրաստվում հանձնվել ու, զբաղեցնելով ռազմավարական դիրք դեպի Ռայսենյայ տանող ճանապարհի վրա, երկու օր շարունակ կասեցնում էր գերմանական մի ամբողջ դիվիզիայի առաջխաղացումը, որը չէր կարողանում շրջանցել խորհրդային տանկը, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինեին խորանալ անանցանելի ճահիճների մեջ։

Եվ միայն երկրորդ օրվա ավարտին Ռաուսի զորամիավորումը կարողացավ լռեցնել տանկը՝ մի քանի անգամ դրա վրա կրակելով զենիթային հրանոթներից։ Երբ վախվորած զինվորները մոտենում էին պողպատե գիգանտին, դրա աշտարակը կրկին սկսեց շարժվել դեպի իրենց կողմը... Ըստ երևույթին, անձնակազմում դեռ ողջ մնացած մարտիկներ կային... Ու միայն տանկի լյուկի մեջ նետված նռնակները վերջակետ դրեցին այս հերոսական ու անհավասար մենամարտին։