Թուրքիայում ապրող հայ արվեստագետները՝ «ընդհանուր ճակատագիրը կիսելու» մասին


15:06 , 21 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի քաղաքացի հայ արվեստագետներն Ապրիլի 24-ին ընդառաջ «ընդհանուր ճակատագիրը կիսելու» կոչ են հնչեցրել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերն, օրինակ, նշել է, որ անցյալի դեպքերը մոռանալն օգտակար կլիներ:

Նա կոչ է արել 21-րդ դարում սիրել միմյանց, հասկանալ: «Թշնամանքի սերմերը լավ բան չեն, երբեք էլ լավ չեն եղել»,- ասել է նա:

Գյուլերը նշել է, որ հայ և թուրք հնագույն ժողովուրդները մեկ միասնություն են եղել և ապրել են նույն հայրենիքում:

Անդրադառնալով 1915-ի դեպքերը քննող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկին՝ Գյուլերն ասել է. «Անկախ պատմաբաններն իրականությունը կգրեն, քանի որ դրանից շեղվել չեն կարող»:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 21 տարի ապրելուց հետո Թուրքիա վերադարձած և իր հայրենիք Դիարբեքիրում հաստատված ուդահար Երվանդ Բոսթանջին էլ նշել է, որ իր ողջ ստեղծագործական կյանքում կատարել է այս հողերի ձայնը համարվող հայերեն, քրդերեն ու թուրքերեն երգեր:

Հարյուրամյակներ շարունակ այս սուրբ հայրենիքում՝ միմյանց հետ ուս ուսի ապրած, հարևանություն արած, ցավերը միասին կիսած, միասին ուրախացած ու ծիծաղած ազգերի լեզուներով ստեղծագործություններն ունկնդիրներին հասցրած Բոսթանջին նշել է, որ դա շատ խորհրդանշական է:

Անդրադառնալով 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածին՝ նա ասել է. ««Դրանք 100  տարի առաջ են տեղի ունեցել» ասելով կոծկելը սխալ է: Ես մեծացել եմ 1915-ին բոլոր հարազատներին կորցրած տատիկ ու պապիկի հետ: Մենք չենք կարող այնպես վարվել, կարծես ոչինչ չի եղել: Մենք բոլոր կրոններից հարևաններ ենք ունեցել: Այժմ էլ թուրք ընկերներ ունեմ, սակայն այդ բոլոր ցավերը միասնական ուժերով սփոփել պետք է փորձենք»:

Երաժիշտ Կարո Մաֆյանն էլ նշում է, որ 1915-ի հարցով պետք է պատմաբանները զբաղվեն: «Պատմության ուսումնասիրությունները ոչ իմ, ոչ էլ ուրիշների գործը չեն»,- ասել է նա:
Նա անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը՝ նշելով, որ Պապը Կաթոլիկ համայնքի առաջնորդն է, այլ ոչ ամբողջ քրիստոնյա աշխարհինը:
«Բոլորը տարբեր բաներ կարող են ասել»,- ասել է նա: