Մենք ձերբազատվում ենք մեր «չուլանային» կարգավիճակից


13:28 , 13 ապրիլ, 2015

Քիչ առաջ Հայաստանից մեկնել են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նորթն ու Քլոեն: Անկեղծ ասեմ, Քիմին ու նրա ոչ պակաս հայտնի ամուսնուն ես Հայաստանում նորովի հայտնաբերեցի ու մեղքս չթաքցնեմ՝ սիրեցի նրանց: Նրանք յուրովի մատուցեցին Հայաստանն աշխարհին, բայց նաև մի նոր՝ կաղապարներից ձերբազատված մշակույթ բերեցին Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով մեծ աշխարհի մի մաս: Մոտս այնպիսի տպավորություն է, որ մենք ձերբազատվում ենք մեր «չուլանային» կարգավիճակից, որն հետևանք է սովետական, հիմա արդեն ռուսական մտածողության, մենթալիտետի:
Շաբաթն այս առումով դրական, հուսադրող, ապագային նայող ստացվեց: Վատիկանի պատարագը, Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը նույնպես ազդակ էր, որ մենք արևմտյան քաղաքակրթության մասնիկ ենք՝ գուցե առայժմ չգիտակցված, երկչոտ մասնակցի կարգավիճակով:
Բայց ակնհայտ է, տեսանելի է, որ արևմտյան քաղաքակրթությանն արձագանքում ենք ինքնաբուխ, այն մերը համարելով, մեզ նրա մասնիկը դիտարկելով։
Ես սկսեցի հավատալ, որ աշխարհին նայող մեր պատուհանն ավելի լայն է, ու վաղ թե ուշ հյուսիսից թելադրվող պարտադրանքները տեղի են տալու: