Նոր Հայկական Առասպել: Հերակլեսը և ՀՀԿ-ի ախոռները


20:55 , 5 մարտ, 2012

Հայկական բարձրավանդակի աստվածները քեֆ էին անում։ Տոն էր՝ լույս աշխարհ էր եկել Հայաստանյաց Հերոսների Կուտոկի (այսուհետ՝ ՀՀԿ) երիտասարդ հերոսների թևի նորաթուխ ղեկավարը՝ Կարեն Հերակլես Ավագյանը։ Կազմվածքով տակառիկ հիշեցնող այս խարտյաշ երիտասարդին դեռ մեծ սխրանքներ էին սպասվում առջևում, բայց այդ մասին դեռ ոչ ոք չգիտեր: Ու կշարունակվեր խրախճանքը անամպ, եթե մութ աշխարհի դժնդեմ աստված Հադես Տեր-Պետրոսյանը նենգաբար չփորձեր վերացնել մեր հերոսին, քանզի համաձայն հնամենի գուշակության Հերակլեսը պիտ դառնար ընդդիմադիր մութ ուժերի ահն ու սարսափը։

Հադեսն իր երկու օձերին՝ Գյուրզա Զուրաբյանին ու Կոբրա Փաշինյանին թաքուն ուղղարկել էր խրախճանքի վայր, որպեսզի սրանք կծմծեին դյուցազուն մանկիկին: Բայց Հերակլես դու Հերակլես, բռնեց և օձերին մերակլես արեց։  Աստվածներն ապշահար են լինում: Առաջին տարին չէ, որ նրանք տառապում էին այդ երկու օձերի թույնից:

Տարիներ անցան... Եկավ Հերակլեսին փորձելու ժամանակը:

Ու սկսեցին քննարկել գլխավոր աստվածները, թե ինչ հանձնարարություններ պետք է տալ մեր խարտյաշ դյուցազունին։  Զևս Սարգսյանին մոտեցավ Հերակլեսի մտերիմ ընկերը՝ իմաստուն կենտավորս Քարոն Աշոտյանը, ով Հերակլեսի մեջ դեռ պիտ ներարկեր Գարեգին Նժդեհի պատվիրանները:  Նա դիմեց գլխավոր աստծուն.

- Օ շանթարձակ Զևս, ՀՀԿ-ին պակասում է երիտասարդ ավյունը, թույլ տուր սույն դյուցազունին ապացուցել իր հավատարմությունն ու հմտությունները։

- Քարոն, մի՞թե ուզում ես ասել, որ մենք արդեն շատ ենք հնացել, - հոնքերը խոժոռեց Գալուստ Պոսեյդոն Սահակյանը։

- Բնավ, ես այդ ի նկատի չունեի, օհ երկրասասան Պոսեյդոն։ Ոչ ոք չի կարող փոխարինել ձեր պես կորիֆեյին, պարզապես ՀՀԿ-ին թարմ արյուն է պետք, թարմ մոտեցումներ, թարմ գաղափարներ։

- Ես կարող եմ անել դա, - զրույցին խառնվեց խրախճանքում մատրվակություն անող սատիր Արթուր պնակալեզիոս Բաղդասարյանը։

- ՅԱԽՔ, - միաձայն բղավեցին բոլոր աստվածները։

- Մի՛ խառնվիր աստվածային խոսակցությանը, նվաստ արարած, - բարկացավ ռազմի աստված Սեյրան Արես Օհանյանը, - շարունակիր նեկտար մատուցել։

- Դե էս Սամվել Դիոնիսոս Ալեքսանյանն էլ զզվացրեց... էլի կեղծված նեկտար է վաճառել մեզ, - տխուր հառաչեց Հրանուշ Աթենաս Հակոբյանը։  

- Այնուամենայնիվ, մեծն Զևս, թույլ տուր ես փորձեմ այս երիտասարդին, - ասաց Պոսեյդոն Սահակյանը, - և եթե նա արդարացնի իրեն, թող դառնա մեզ հավասար։

- Բարի, թող այդպես լինի, Պոսեյդոն, - խոսեց աստվածներից գլխավորը, - Հիշիր երիտասարդ դյուցազուն, Զևսի աջակցությունը քեզ ուղղեկից կլինի, քանի դեռ դու կպահպանես հավատարմությունդ ինձ։ Միշտ հիշիր Նժդեհի պատգամները և դու կհասնես աստվածային բարձրունքների։

- Շնորհակալ եմ տեր իմ, ես հավատարիմ կլինեմ քեզ խոսքով ու գործով մինչև ժամանկների վերջը։

Հերակլեսին տվեցին ՀՀԿ-ական հերոսին հարիր հանդերձանք և որպես ձեռնադրման նշան նրա կրծքին փակցրին ՀՀԿ-ի ոսկեձուլ պիտակը։ Միայն Պոսեյդոնն էր խոժոռել հոնքերը, քանի որ նա այդքան հեշտ չէր ուզում համակերպվել իր անփոխարինելիության պատրանքի փլուզման հետ։

Եվ կանչեց նա իր մոտ Հերակլեսին ու ասաց.

- Լսի´ր Հերակլես, ՀՀԿ-ի բազմամյա գործունեության ընթացքում շատ թրիք է կուտակվել, որ պետք է մաքրել։ Շատերն են հանձն առել գործը գլուխ բերել, բայց նրանց մոտ դա չի ստացվել, ու թրիքը միայն շատացել է։ Հանձնարարում եմ քեզ լուծել թրիքի հարցը, որպեսզի ՀՀԿ-ն լինի մաքուր ինչպես Տիգրան Աֆրոդիտե Թորոսյանի հոգին։

- Քո հանձնարարությունը կկատարվի, օ մեծն կոճակասեղմիչ։

Լինելով քաջատեղյակ և լուսավորված կերպար, Հերակլես Ավագյանը միանգամից հասկաացավ, որ այդքան թրիք մաքրելու համար անսովոր համարձակություն ու ստեղծագործական մոտեցում է պետք։ Նա երկար խորհրդակցեց իր երկու մտերիմների՝ Քարոն Աշոտյանի ու աստվածների նազիր-վեզիր Հերմես Շարմազանովի հետ ու վերջապես գտավ լուծումը։

Թրիքը մաքրել պետք չէ, պարզապես պետք է այնպես անել, որ այն դադարի որպես թրիք ընկալվել։ Հերակլեսը որոշեց ինքը այնպիսի թրիք սկսել մատուցել, որի ստվերում կուտակվածը պարզապես չի երևա։ Նա որդեգրեց մի շատ խորամանկ գործելավոճ. նա հանրության առաջ սկսեց հանդես գալ որպես բացարձակ տխմար ու պնակալեզ կերպար, որպեսզի ողջ նեգատիվ էներկգիան սևեռվի իր վրա։ Ծանր ու   դաժան աշխատանք էր սա, բայց ամեն երեկո քնելիս Հերակլես Ավագյանի դեմքին խորամանկ ժպիտ էր հայտնվում, քանի որ միայն ինքն ու իր ընկերները գիտեին, որ ծաղրածուի ու դանդալոշի իմիջ ստեղծելով, նա մաքրում է ՀՀԿ-ի թրիքը ու շեղում է ուշադրությունն իր վրա:
Անցան ամիսներ ու Հերակլեսը, ով մինչև վերջ հավատրիմ էր մնացել Զևսի ու Նժդեհի պատգամներին, արդեն կատարած էր համարոււմ իրեն տրված առաջադրանքը։ Նա գնաց Պոսեյդոնի մոտ և ասաց.
- Օ մեծն ՀՀԿ-ական, քո հանձնարարությունն արված է: Ոչ ոք էլ չի խոսում ՀՀԿ-ի թրիքի մասին, որովհետև հիմա ես եմ նրանց աչքերում դարձել թրիքի հավաքական կերպարը։
- Ապրես Հերակլես,- դրվատեց նրան Պոսեյդոնը,-Քեզ դեռ 11 այլ փորձություններ են սպասում։ Պատրաստվի՛ր։