Անհնազանդության գաղափարախոսությունը կարող է կյանքի կոչվել, երբ այն նախաձեռնողն առաջինը ինքն իրեն դարձնի դրա իրականացնողը


23:07 , 1 ապրիլ, 2015

Հայաստանում անհնազանդության գաղափարախոսության այս կամ այն տարբերակը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, երբ այն նախաձեռնող անհատն առաջինը ինքն իրեն, այդ թվում՝ իր ընտանիքը, դարձնի դրա իրականացնողը՝ պատրաստ լինելով երկար ժամանակով կրել դրա հետևանքով առաջացած զրկանքները: Ասենք՝ եթե ես դեմ եմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ապա ես ինքնաբերաբար ստանձնում եմ տևական ժամանակամիջոցում հրաժարում հոսանք ունենալուց, այո, ունենալուց և ոչ թե օգտագործելուց, քանի որ իմ բողոքը ենթադրում է, որ ես չեմ վճարելու ինձ պարտադրված սակագնով, ինչն, իր հերթին, նշանակում է, որ հոսանք մատակարարողը զրկելու է ինձ քաղաքակրթական այդ նվաճումից: Եթե իմ ընտանիքը երկար ժամանակահատվածում դիմանա նման փորձությանը, ապա հավանական է, որ մեզ կմիանան այլ ընտանիքներ, ինչը կբերի ձնագնդի էֆեկտին, կարող է հաջողությամբ պսակել իմ պայքարը: Բայց կարող է պատահել այնպես, որ ուրիշները չմիանան, և ես անհաջողության մատնվեմ. սա ևս հավանական տարբերակ է: Համենայն դեպս, սա է, իմ կարծիքով, անհնազանդության շարժման հաղթանակի գրավականը, այլ ճանապարհ ես չեմ տեսնում: