Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ փորձագիտական խմբում ՀՅԴ-ն չի ընդգրկվի. Արծվիկ Մինասյան


17:08 , 1 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը կառավարությունից ստացել է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ փորձագիտական խմբում ներգրավելու համար թեկնածու առաջադրելու առաջարկը, սակայն ձեռնպահ են մնացել մասնակցությունից. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  

«Անկախ փորձագիտական խմբում ընդգրկելու առաջարկին մենք պատասխանում ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց մի քանի պատճառով։ Առաջին պատճառն այն է, որ երկար տարիներ ունենք կոռուպցիայի պայքարի մեր առաջարկները, որոնք հիմնավոր պատճառով չեն մերժվել, բայց անտեսված են»,- ասաց նա և հավելեց, թե մեկ այլ պատճառ է այն որ առաջարկվող  համակարգն անարդյունավետ է, քանի որ ընտրվել է ոչ թե միջազգայնորեն ընդունված 3 մոդելներից որևէ  մեկը, այլ ինչպես միշտ՝ «հայկական» մոդելը: 

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ նման խորհուրդ նախագահի հրամանագրով ստեղծվել էր դեռևս 2004թ-ին և այսօր էլ արդեն կառավարության նախաձեռնությամբ է փորձ արվում, անհասկանալի ինչ-որ մոդել որդեգրել: 

«Հիմնական մոդելներից որևէ մեկը չի ընտրվել, այլ ընտրվել է հայկական մոդել, այն, ինչ վարչապետը և այդ մարմինն առաջարկում են: Չի գտնվել այն հիմնական մոտեցումը, որի շուրջ կոնսենսուս կձևավորվի և կյանքի դա կկոչվի»,- ասաց նա:

Պատգամավորը ներկայացրեց իրենց առաջարկությունները. «Առաջին տարրերից մեկը միջավայրի ձևավորումն է, որ մարդը հասկանա, որ ինքը կոռուպցիայի մեջ մտնելով շատ ավելի մեծ վնաս կստանա, քան եթե գործի օրենքին համապատասխան»:

Երկրորդը, ըստ նրա, վարձատրության համակարգի խնդիրն է՝ երկրի մասշտաբով, այդ թվում նաև գնումների, լիցենզավորման, թույլտվության համակարգերը: «Վերջին ուղղությունը կոնկրետ պատասխանատվությունն է և չունենք լիարժեք գործող համակարգ, որի բացակայության պարագայում անիմաստ կլինի խոսել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ Նախագահի առաջարկությանն առ այն, որ արդյունավետ պայքարի համար պետք է «գլխից բռնել», Մինասյանը նշեց. «Պետք չէ սպասել, որ ով նստած է վերևում՝ հարստության գլխին կամ հավաքելու աղբյուրի մոտ, նրան հնարավոր կլինի արգելել, նա ամեն դեպքում մասնակի դրսևորում կիրականացնի: Նախագահը կասի գլխից բռնել, ոտքերից բռնել, ի՞նչ տարբերություն, եթե համակարգը չի բերում բռնելու գործընթացին»,-ասաց նա:

Ասուլիսի ներկա ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, թե այն, ինչ արվում է իշխանությունների կողմից միայն Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովով չի սահմանափակվում. կան նաև սահմանադրական բարեփոխումները, կառավարման համակարգը և այն ստուգումները, որ այսօր արվում են տարբեր ընկերություններում:

Պատգամավորն ասաց, թե կոռուպցիան երևույթ է, որի դեմ ոչ միայն իշխանությունը պետք է պայքարի, այլ նաև ընդդիմությունը, հասարակությունը:

«Պետք է փակել այն անցքերը, որ նպաստում են կոռուպցիային: Կոռուպցիան անհատական երևույթ չէ, այլ մեխանիզմ է, մինչև ջրհոր իջնես՝ էլի կոռուպցիա կա: Մեկին կգտնեք, որ կոռուպցիայի մեջ չի, դա մեխանզիմ է»,- ասաց նա և հավելեց, թե կարծում է, որ վարչապետն այդ կամքի ուժն ունի՝ պայքար սկսելու համար:

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն  իր հերթին ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ ինստիտուտները, կարծես թե կան, բայց եթե կառավարությունը մարմին է ստեղծում, ուրեմն ընդունում է որ այդ մարմինները թերի են գործում: «Սա ցույց է տալիս, որ բժշիկն է հիվանադացել և ուզում է ինքն իրեն բուժել»,-ասաց նա: