Եկեղեցին չի կարող միջամտել պետական գործերին. աշխատանքային օրեր սահմանելը պետության գործն է


15:15 , 1 ապրիլ, 2015

Երկուշաբթիից շաբաթ աշխատանքային օրը տեղափոխելու մասին մի անգամ արդեն գրել եմ անցած տարի, բայց քանի որ ոնց որ թե համապատասխան մարդկանց ուղեղներին չի հասել, նորից եմ գրում, որ դա դուրս է որևէ տրամաբանությունից և օրենքից: Նախ, մենք ունենք կառավարության կողմից հաստատված հնգօրյա աշխատանքային շաբաթ, և երբեմն հաջորդող շաբաթ նախորդում չաշխատած մի օրը տեղափոխելը հաջորդող դարձնում է վեցօրյա աշխատանքային, ինչը ճիշտ չէ օրենքի տեսակետից և անհարմար՝ մարդկանց աշխատանքի, հանգստի և առօրյայի կազմակերպման առումով:

Երկրորդ. մեռելոցը քրիստոնեական խորհուրդ ունեցող միջոցառում և օր է, ինչի քարոզողը երկրում եկեղեցին է: Բայց Հայաստանում եկեղեցին և պետությունը անջատված են միմյանցից, ինչը նշանակում է, որ եկեղեցին չի կարող միջամտել պետական գործերին: Իսկ աշխատանքային օրեր սահմանելը պետության գործն է: Հետևաբար, ո՛չ եկեղեցին իրավունք ունի դիմելու կառավարությանը՝ մեռելոցը ոչ աշխատանքային օր ճանաչելու համար, ո՛չ էլ, դիմելու դեպքում, կառավարությունն իրավունքն ունի այդ դիմումը բանի տեղ դնելու:

Երրորդ. տրամաբանությունը եթե դեռ մնացել է այս երկրում, ասում է, որ մարդն ինքն է որոշում, թե երբ և ինչպես շփվի այսկողմնային և այնկողմնային աշխարհներում իր մտերիմների հետ, և եկեղեցին ու կառավարությունը թող չմտահոգվեն, թե մարդիկ հիշեցի՞ն արդյոք իրենց հանգուցյալներին, թե՞ չհիշեցին:

Այնպես որ, հարգելի եկեղեցի և կառավարություն, մի քիչ ուղեղներիդ նեղություն տվեք, արթնացեք միջնադարյան քնից և խոստովանեք, որ արդեն երկար տարիներ է, ինչ զգալի անհարմարություն եք պատճառում աշխատող մարդկանց ձեր անտրամաբանական որոշմամբ:

Հ.Գ. Կոնկրետ բարձրագույն կրթական ոլորտի աշխատողի անունից ասեմ, որ մեզ համար գրեթե ամեն օր էլ մեռելոց է, այնպես որ հերթականը մի ավելացրեք: