Tert.am–ը գրում է.
Գիտնականներին հաջողվել է միավորել երկու քվանտային համակարգ, որոնցից մեկն անհրաժեշտ հաշվարկներ է անում, իսկ մյուսը պահպանում է տեղեկատվությունը մեկ ամբողջության մեջ: Газета.Ru-ի փոխանցմամբ` ֆիզիկոսների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է Physical Review Letters ամսագրում:
Քվանտային կետը հաղորդիչի կամ կիսահաղորդիչի չափազանց փոքր մասնիկն է, որը օգտագործվում է քվանտային հաշվարկներ անելու համար: Քվանտային կետերը կարող են պատրաստվել նույն սկզբունքով, ինչ սովորական համակարգչային չիպերը, բայց ավելի փոքր չափսի: Այդ սարքերը հիանալի կատարում են քվանտային հաշվարկները, սակայն չեն կարող պահպանել տեղեկատվությունը:
Տեղեկատվության պահպանման համար ֆիզիկոսները բարակ ապակե մանրաթելեր են ստեղծում, որի միջոցով հնարավոր կլինի պահպանել քվանտային կետի ստեղծած տեղեկատվությունը: Գիտնականները պնդում են, որ իրենց գյուտը էական քայլ է առաջ` քվանտային համակարգիչներ ստեղծելու ճանապարհին: