Tert.am-ը գրում է.
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, և այցի ընթացքում «նրան ընտանեկան բնույթի տեղեկությունների փոխանակման հնարավորություն է ընձեռվել»: Այդ մասին Tert.am–ին տեղեկացրեց ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Նա փոխանցել է տեղեկություններ իր մասին և իր ընտանիքի մասին, պատվիրակները փոխանցել են»,- մանրամասնեց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Անդրանիկ Գրիգորյանի մասին, նշել էր, որ նրա արարքի պատճառը պետք է գտնել նրա` ընտանիքում ունեցած խնդիրներում և բացառել նրան մարտական դիրքից ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգելը:
Ի պատասխան հարցի, թե Անդրանիկ Գրիգորյանը հայտարարություններ արե՞լ է, թե ինչու է անցել հակառակորդի կողմը և կամ ընտանիքի հետ խնդիրնե՞ր է ունեցել, ԿԽ աշխատակիցը նկատեց. «Առհասարակ, թե՛ ռազմագերու հետ զրույցների, և թե՛ իրեն ու իր փոխանցված տեղեկությունների մանրամասները մենք չենք բացահայտում: Միայն կարող եմ փաստել, որ նրա հետ տեսակցել են և փոխանցվել իրեն և իր կողմից տեղեկություններ»:
Արդյո՞ք Անդրանիկը եղել է ծեծված, խոշտանգված, վա՞տ տեսք է ունեցել , բողոքե՞լ իր նկատմամբ վատ վերաբերմունքից: Այդ տեսակ տեղեկությունները ևս, ըստ Զառա Ամատունու, չեն բարձրաձայնվում։