G20-ի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են Պուտինի և Օբամայի անձնական տվյալները. Guardian


14:10 , 30 մարտ, 2015

obama_putin_misery1in.am-ը գրում է.

Ավստրալիայում G20-ի գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են համաշխարհային ղեկավարների անձնական տվյալները՝ գրում է The Guardian-ը: Թերթի տեղեկությամբ՝ խոսքը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիին վերաբերող անձնական տեղեկության մասին է:

Համաշխարհային ղեկավարների անձնական տվյալները պատահաբար բացահայտել է Ավստրալիայի ներգաղթի և սահմանների պաշտպանության դեպարտամենտը: Գործակալության աշխատակիցը սխալմամբ նոյեմբերին ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին է ուղարկել Բրիսբենում G20-ի գագաթնաժողովի մասնակից բոլոր համաշխարհային ղեկավարների անձնագրերի համարները, այցագրային մանրամասներ և այլ անձնական տվյալներ:

Դեպարտամենտի վիզային ծառայությունների ստորաբաժանման տնօրենը նամակով դիմել է տվյալների պաշտպանության ավստրալացի հանձնակատարին և նրան տեղեկացրել դեպքի մասին, որը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերի 7-ին: Նամակում նշվելէ, որ կատարվածի պատճառը «մարդկային գործոնն» է եղել: Տնօրենի խոսքով՝ քիչ հավանական է, որ տվյալները բաց հասանելիություն են ստացել: Սխալ նամակն ստացողը ջնջել է այդ էլեկտրոնային նամակը և մաքրել ջնջված ֆայլերով թղթապանակը:

Սկզբում ներգաղթի դեպարտամենտը համաշխարհային ղեկավարներին չի տեղեկացրել տվյալների արտահոսքի մասին, և հայտնի չէ՝ արդյոք գերատեսչությունը այնուհետև քաղաքական գործիչներին հայտնե՞լ է կատարվածի մասին, թե՞ ոչ՝ նշում է թերթը: