ՀՀ-ում սուր շնչառական վարակով հիվանդների թիվը 1,5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը. ԱՆ


13:05 , 21 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը մեկուկես անգամ գերազանցում է համաճարակային շեմը և հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց, որ անցած  շաբաթվա ընթացքում սուր շնչառական  հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից երկարացվեց գարնանային արձակուրդները: Համաճարակային վերլուծության արդյունքները ևս վկայում են, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսը պայմանավորված է 0-ից 18 տարեկան երեխաների շրջանում արձանագրված հիվանդներով»,- ասաց նա:


Լիանա Թորոսյանը նշեց, որ  ամսի  23-ից 1-ն ընկած ժամանակաշրջանում արձանագրվել է  գրեթե 5800 դեպք՝  անցած  տարվա նույն ժամանակաշրջանի՝  5600-ի դեպքի դիմաց: «Իսկ ամսի 1-ից 8-ն ընկած ժամանակաշրջանում արձանագրվել էր գրեթե 6000 և ավելի դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5000 և ավելի դեպքերի դիմաց»,- ասաց նա և նշեց, որ արձակուրդները երկարացնելու համար հաշվի է առնվել նաև տարածաշրջանի համաճարակային վիճակը՝ կապված սուր շնչառական հիվանդությունների հետ, և մասնավորապես Ռուսաստանում վիճակն ավելի բարդ և լարված է:

«Ներկայումս հանրապետությունում բուժվում են գրեթե 570-ի կարգի սուր շնչառական վարակներով հիվանդներ և գրեթե դրանց 100 տոկոսը բաժին են ընկնում 0-ից 18 տարեկան երեխաներին և դրանով է պայմանավորված մանկական հիվանդանոցներում հիվանդների դիմելիության աշխուժացումը»,- ասաց նա:

Բանախոսը  նշեց, որ ներկայումս մահացության դեպք չի գրանցվել, ծանր հիվանդներ չկան: Նա ասաց, որ հանրապետության  հոսպիտալներում թոքաբո160  հիվանդ կա, որոնցից 120-ն է մանկահասակ և մեծավմասմբ բուժհիմնարկներ դիմելու ուշացած դեպքեր են: