Tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության փաստն այնքան խոսուն է, որքան լուսնի ու արևի առկայությունը երկնքում, բայց եթե Թուրքիայի նախագահը փաստեր է ուզում, կարող է ապրիլի 24-ին գալ Երևան, Ծիծեռնակաբերդ ու տեղեկանալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց Թուրքիայի նախագահի կոչին.«Հեյ, սփյուռք, մեջտեղ բեր արխիվներդ, որակելով որպես թուրքական ժխտողականության «լավագույն» օրինակ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը, ըստ «Հուրրիյեթ»-ի`դիմելով հայկական սփյուռքին ասել էր. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»:
Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:
Դիմելով Թուրքիայի նախագահին` Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իսկ ավելի խոսուն փաստերը դրանք հազարավոր պղծված եկեղեցիներն են, հազարավոր քանդված գյուղերն են, միլիոնավոր հայերից զուրկ տարածքները, միլիոնավոր հայկական համայնքն է, որ ապրել է Օսմանյան կայսրությունում և մազապուրծ է եղել, դա Դեյր Զորն է, դրանք փաստաթղթերն են, դա հենց իրենց Ռազմական դատարանի որոշումն է, դա Երիտթուրքական կառավարության գաղտնի որոշումն է, դա 1915 թ. մայիսի 24-ի Անտանտի երկրների հայտարարությունն է, ըստ որի` հայերի հանդեպ իրականացված հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ իրականացված հանցագործություն է, դրանք ՄԱԿ-ի բանաձևերն են»:
Արդյո՞ ք բաց են թուրքական արխիվները հայ և այլազգի գիտնականների համար: Tert.am-ը հարցն ուղղեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին:
Վերջինիս խոսքով`պետք է բացել ոչ թե թուրքական կուսակցական արխիվները , որովհետև դրանք գոյություն չունեն, այլ պետական արխիվները, ինչը շատ ավելի կարևոր է:
«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ոչ միայն պետական խողովակներով, այլ հրամանները գնացել են կուսակցական խողովակներով: Եվ եթե օրինակ` պետական խողովակներով պետք է կազմակերպվեր տեղահանություն, Երիտթուրքական կուսակցությունը, որն ամբողջ երկիրը կառավարում էր, բոլոր նահանգներում ուներ ներկայացուցիչներ, իր կուսակցական խողովակներով հրամաններ էին գնում, որ կազմակերպել հայ ժողովրդի ոչնչացումը: Եվ այդ կուսակցական արխիվները կամ ոչնչացվել են, կամ՝ թաքցվել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ինչ վերաբերվում է թուրքական արխիվներին ընդհանրապես, նա նշեց, որ թուրքական արխիվները ձևականորեն բաց են, բայց Հայաստանը շատ հստակ տեղեկություններ ունի, որ տարիներ շարունակ այդ արխիվների հետ աշխատել են թուրքական հատուկ ծառայությունները:
«Եվ մաքրազարդել են այն թղթերը, որոնք կարող էին իրենց տեսակետով վտանգավոր լինել: Եվ հատուկ խմբեր են արխիվներում աշխատել տարիներ շարունակ»,- ասաց գիտնականը:
Նա հիշեցրեց գերմանացի գիտնականի օրինակը, որի համար Թուրքիայում տարիներ առաջ բազում տեխնիկական խնդիրներ էին առաջ բերել, երբ հասկացել էին, որ գերմանացին աշխատում է Հայոց ցեղասպանության մասին փաստեր հայտնաբերելու ուղղությամբ:
Եվ չնայած այս հանգամանքներին, միևնույն է, հենց թուրքական արխիվներում կան բազում փաստեր, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին կամ փաստեր, որոնք կարելի է օգտագործել իրենց տեսակետի դեմ:
«Դրանից մեկը 1915 թվականի մայիսի 30-ի Օսմանյան կառավարության որոշում ն է հայերի տեղահանության մասին, որը իրենք մաքրել են , բայց չեն նկատել, որ այնտեղ այնպիսի արտահայտություն կա, որ պարզորոշ ցույց է տալիս, որ տեղահանության նպատակը եղել է հայ ժողովրդի ոչնչացումը, այլ ոչ թե տեղահանությունը»,- ասաց նա: