Ընդդիմության միասնական թեկնածու չի լինի


16:21 , 17 հոկտեմբեր, 2012

Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի հարցում համաձայնության չի գա, համոզմունք է հայտնել Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Ընդդիմության միասնական թեկնածու չի լինի»։ Հայաստանի գլխավոր կոմունիստի՝ նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման հարցը պարզ կլինի նոյեմբերին կայանալիք կուսակցության լիագումար նիստում։
Թովմասյանի կանխատեսմամբ՝ նախագահական ընտրությունները անցնելու են լարված պայմաններում, եւ լինելու են շատ «զգայուն» ընտրություններ։
Անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի գործին՝ Թովմասյանը նշել է, որ ինքը հավատ չի տածում ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Եվրոպայի նկատմամբ։ «Այն հասարակական կազմակերպությունները, որոնք օգտվում են ԱՄՆ—ի կամ այլ երկրների ֆինանսական միջոցներից, այնտեղ անպայման ինչ— որ հարցեր ծագելու են, որովհետեւ փողը, այն էլ այդ քանակությամբ, հենց այնպես չի տրվում»,–համոզված է նա։
ՀԿԿ առաջին քարտուղարն Օսկանյանի առնչությամբ ԱՄՆ—ի դեսպանի հայտարությունն անընդունելի է համարում։