Արտանիշի աշխարհագրությունը


15:55 , 12 մարտ, 2015

Արտանիշ հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղի արևմտյան հատվածում, Սևանա լճի արևելյան ափին գտնվում է Արտանիշի թերակղզին: Այն արևմուտքում Նորատուսի (Նորադուզի) թերակղզու հետ միասին անջատում է Մեծ Սևանը Փոքր Սևանից: Թերակղզին ծածկված է գետային ու լճային նստվածքներով: Տարածքը կազմում է շուրջ 25 քառ.կմ., իսկ տեղանքի ամենաբարձր կետը հասնում է ավելի քան 2461մ.: Արտանիշի գեղատեսիլ թերակղզին առաջացել է երրորդական ժամանակաշրջանում և ունի այն լեռնային չափավոր ցուրտ և խոնավ կլիմա: Թերակղզին հայտնի է նաև Ադա, Ադաթափա անվանումներով: Արտանիշի թերակղզին լճից անջատված է Արտանիշի համանուն ծոցով (խորշով): Այն գտնվում է Սևանա լճի նույն արևելյան ափին և ունի շուրջ 3 կմ. երկարություն, իսկ լայնությունը կազմում է ավելի քան 2 կմ: Խորշի խորությունը կազմում է մոտ 25 մ: Արտանիշի ծոցի հյուսիսային և հարավային ափերը զառիթափ են ու ժայռոտ, իսկ հարավ-արևմտյան ափերը գտնվում են մեղմաթեք վիճակում: Արտանիշի ծոց է թափվում Արտանիշ գետակը, որը հայտնի է նաև Արտունջ, Արտավուջ, Արտավուն, Արտանուշ, Արտանուճ, Արտանիջ, Արտանիճ, Արդանիս և Աղսու անվանումներով: Արտանիշ գետակը սկիզբ է առնում Սևանա լեռնաշղթայից և լճի մեջ է թափվում Արտանիշ գյուղի մոտ: Գետակի ավազանը կազմում է շուրջ 19 քառ.կմ, իսկ գետի սնուցումը կատարվում է մթնոլորտային տեղումներով: Գետակի վարարումները սովորաբար տեղի են ունենում մայիս-հունիս ամիսներին: Արտանիշի թերակղզում՝ նույն Սևանա լճի արևելյան հատվածում գտնվում է Արտանիշ (Ադաթափա) համանուն լեռը, որի բարձրությունը, ինչպես սկզբում նշեցինք, կազմում է շուրջ 2461 մ: Այն պատկանում է Սևանա լեռների համակարգին: Ուշագրավ է, որ Արտանիշ գյուղի մոտ գոյություն ունի նաև Արտանիշի լճակ, որի բարձրությունճ կազմում է ծովի մակարդակից շուրջ 1905 մ., իսկ լճակի մակերեսը կազմում է 0,4 քառ.կմ:
Արտանիշի թերակղզու արևմտյան ծայրին գտնվում է Արտանիշի հրվանդանը, որը ծածկված է նույնպես լճային նստվածքներով:
Արտանիշի տարածքում զարգացած է անասնապահությունը, այգեգործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, ծխախոտագործությունը, դաշտավարությունը, մեղվաբուծությունը և հատկապես ձկնորսությունը: