Ոստիկանությունն անում է իր գործը, իսկ այ ձեր ասած облава-ներին ու խուզարկություններին համաձայնել ոչ մի կերպ չի կարող


21:22 , 10 մարտ, 2015

Որոշ «վերլուծաբաններ» այս օրերին վերջապես թեմա գտածի ոգևորությամբ անդրադառնում են Գյումրիի դեպքերին: Զարմանալի չէ, զարմանալին «վերլուծությունների» ծանծաղությունն ու անփաստարկ լինելն է: Մի վերլուծաբան, օրինակ, ոստիկանության պետին իր խելքով «բռնացնում է» երկու տարի առաջ Գյումրիում ասածի վրա. «Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ ինքնահաստատվել կամ ինքնահաստատվածները, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն էն մարդիկ, ովքեր զենքով և արյունով են լուծում խնդիրները»: Եվ ի՞նչ, հարցնենք «վերլուծաբանին», հիշյալները չե՞ն հայտնվել կամ չե՞ն հայտնվում: Իհարկե, հայտնվել են ու հայտնվում են, ու մեր հարցն էլ հռետորական է, որովհետև այս կարգի «մասնագետների» խնդիրը հարց բարձրացնելը կամ վերլուծելը չէ, այլ ջուր պղտորելը: Բայց մենք մի հարց էլ տանք. կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ հրազենով հանցագործություններ չեն կատարվում: Եվ այդ երկրներում նման հանցագործությունների համա՞ր են մեղադրում ոստիկանությանը, թե՞ հանցագործությունները չբացահայտելու համար: Իսկ բացահայտումները և ընդհանրապես, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ակնհայտ է: Այս իբր վերլուծաբանն ինքն է խոսում առգրավված ու հասարակությանը ներկայացված զենք-զինամթերքի, այլ խոսքով՝ ոստիկանության արդյունավետ կանխարգելիչ գործողությունների մասին: Բայց դա դրական է, չէ՞, բնութագրում ոստիկանությանը, ինչպե՞ս կարելի է, և անմիջապես սկսվում է ջուր պղտորելու պրոցեսը՝ ինչո՞ւ իրավապահներն ամեն մեկին առանձին «չեն զեկուցում», թե ինչ է արվել: «Զեկուցում ենք». 2013 թվականին Շիրակի մարզում հրազենի գործադրմամբ կատարվել է 4 հանցագործություն, 2014-ին՝ 3, (համեմատության համար՝ Արարատի մարզում համապատասխանաբար՝ 5 և 4. Արմավիրի մարզում՝ 5 և 5, Գեղարքունիքի մարզում՝ 5 և 6): Շիրակում հաստատված ի՞նչ անպատժելիության մթնոլորտի ու քաղաքում ազատ կրակող զինված մարդկանց մասին է խոսքը, ինչո՞ւ եք թյուրիմացության մեջ գցում հանրությանը: 
Շարունակենք «զեկույցը». 2013 թ. Շիրակի մարզում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի առգրավման 35 դեպք (Գյումրիում՝ 21), 2014 թ.՝ Շիրակի մարզում՝ 24 (Գյումրիում՝ 14) դեպք, իսկ կամավոր հանձնելու դեպքեր, նույն ժամանակահատվածում, համապատասխանաբար արձանագրվել են՝ 63 (Գյումրիում՝ 23) և 66 (Գյումրիում՝ 13): Եթե սա է ձեր ասած «ոստիկանության հանցավոր անգործությունը», կամ ոչինչ չեք հասկանում ձեր «վերլուծած» ոլորտից, կամ էլ միտումնավոր կեղծում եք իրողությունը: 
Շարունակենք. միայն վերջին երկու տարում Շիրակի մարզում ապօրինի շրջանառությունից հանվել է 283 միավոր զենք-զինամթերք, շուրջ 4500 տարբեր տրամաչափի փամփուշտ: Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով հարուցվել է 27 քրեական գործ:
Ավարտենք «զեկույցը»՝ նկատելով, որ այս ամբողջ վիճակագրությունը հրապարակվել է ներկայացվել հանրությանը, պարզապես տեսնելն ու լսելը ձեզ ձեռնտու չէ… 
Ոստիկանությունն անում է իր գործը: Իսկ այ ձեր ասած облава-ներին (հայերեն՝ շուրջկալ) ու խուզարկություններին համաձայնել ոչ մի կերպ չի կարող: Անօրինականություն է ձեր պահանջածը, իսկ ոստիկանությունն, ի տարբերություն ձեզ, աշխատում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և առանց հիմքերի շուրջկալ ու խուզարկություն անել չի կարող: Իսկ հիմքեր ձեռք բերելու հարցում ոստիկանությանը անգնահատելի օգնություն կարող էին ցուցաբերել քաղաքացիները, նաև սույն վերլուծաբանը: Բայց չեն օգնում, որովհետև նման արդարախոսներն առաջնորդվում են «այլ» սկզբունքով, նմանների համար «գործ չտվողի» համբավը թանկ է իրենց համաքաղաքացու արյունից, իրենց քաղաքի խաղաղությունից ու կարգուկանոնից: Եվ այսքանից հետո այս մարդիկ բարոյական համարձակություն ունեն ոստիկանությանը մեղադրելու «օրենքով գողերի» հետ համագործակցության մեջ: Մեղադրում են, երբ իրենք են ապրում «նման» օրենքներով: Ապրում ու իրենց հանցավոր անտարբերությունը փորձում են սքողել ոստիկանության իբր անգործությամբ՝ պրիմիտիվ վերլուծությունը պսակելով վերը բերվածի կարգի հայտարարություններով, որոնք արդեն զրպարտության տարրեր են պարունակում…