Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի մեղմացում


19:52 , 9 մարտ, 2015

Հաշվի առնելով վիճակագրական ծառայության տվյալները` փետրվարին, նախորդ տարվա վերջի նկատմամբ, սպառողական ապրանքների գնաճը Հայաստանում կազմել է 2,3 տոկոս։ Սա բավականին դրական և սպասելի ցուցանիշ է: Այն արդեն իսկ հունվար ամսվա համեմատ նվազել է: Հիմնավորումը, իհարկե, ներքին և ներմուծվող արտադրանքի որոշ ապրանքների գների նվազումն է:
Խոսելով գների նվազման մասին՝ պետք է արձանագրել, որ նման միտում նկատվել է հացամթերքների, շաքարավազի և գյուղատնտեսական որոշ այլ ապրանքների շուկաներում։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա այստեղ գնաճային ճնշման թուլացումը կապված է թե՛ ռուսական և թե՛ միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումների հետ։

Դա արտահայտվում է նրանով, որ նվազել են հացամթերքների ներքին գները։ Ռուսական ռուբլու արժեզրկումը և դրան համարժեք գների ոչ համաչափ բարձրացումը նպաստավոր ազդեցություն է ունեցել երկրի ներմուծվող որոշ ապրանքների, այդ թվում՝ ցորենի և այլուրի գների վրա։ 
Հայաստանի սպառողական ապրանքների շուկայում վերջին շրջանում գնաճային էական ճնշումներ չկան միջազգային շուկաներից։ Համաշխարհային տնտեսական թույլ զարգացումների հետևանքով այդպիսիք չեն սպասվում նաև առաջիկայում։