Նարեկ Մակարյանը տեսահոլովակ կնկարահանի ԱՄՆ-ում և Մոսկվայում


15:04 , 6 մարտ, 2015

Երգիչ Նարեկ Մակարյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ այս օրերին մասնակցելու է կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին։ BlogNews.am-ի հետ զրույցում Նարեկն ասաց, որ առաջին անգամ է ԱՄՆ-ում և շատ տպավորված է։

Երգչի փոխանցմամբ՝ իր համար աշխատանքային բուռն տարի է լինելու։ Նա նախատեսում է տեսահոլովակ նկարահանել ԱՄՆ-ում՝ նոր՝ «Աչքերիդ կրակը» երգի հիման վրա։ «Մարտի 25-ին էլ մեկնելու եմ Մոսկվա, որտեղ ևս պետք է տեսահոլովակ նկարահանեմ «Հավատա» երգի հիման վրա։ Արտերկրում ենք նկարահանում, քանի որ ցանկանում ենք ավելի հետաքրքիր դարձնել տեսարանները, օրինակ՝ ԱՄՆ-ում օվկիանոսի տեսարանը հետաքրքիր կլինի, Մոսկվան էլ իր գեղեցկությունն ունի, որը ցույց կտանք»,-ասաց նա և հավելեց, որ Երևանում կլինի ապրիլի սկզբին։

BlogNews.am-ի դիտարկմանը, որ արտերկրում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, ինչ միջոցներո՞վ է դա անում, Նարեկն ուղիղ պատասխան չտվեց. «Բավականին թանկ հաճույք է թե՛ Մոսկվայում, թե՛ ԱՄՆ-ում տեսահոլովակ նկարահանելը, բայց դա չպետք է խանգարի մեր թիմին։ Ես  և պրոդյուսերս հստակ ենք աշխատում ու մեր խոստումների տերն ենք։ Խոստացել եմ այս տարի շատ աշխատել, ինչն էլ անում եմ։ Շատ լուրջ ենք պատրաստվել, և շատ նորություններ ունեմ այս տարի հանդիսատեսին մատուցելու։ Եթե ամեն բան ծրագրածիս պես առաջ գնա, 4 երգ ու տեսահոլովակ կներկայացնեմ»։

Երգիչը նշեց, որ նախորդ տարի պասիվ է եղել, քանի որ շատ ժամանակ տրամադրել է սերիալի նկարահանումներին, իսկ այժմ սկսել է վերականգնել երգչի կարիերան։ Մինչ մեկնելը Նարեկը տեսահոլովակ է նկարահանել նաև Երևանում։ «Քեզ հետ, առանց քեզ» կոչվող երգի երաժշտության հեղինակը հենց ինքն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը։ Ըստ նրա՝ շատ հաջողված աշխատանք է։ «Նման որակի և կրեատիվ մտահղացմամբ տեսահոլովակ, անկեղծ ասած, դեռ չեմ տեսել Հայաստանում»,-ասաց Նարեկը։

Ինչ վերաբերում է կրկին ֆիլմում նկարահանվելու առաջարկ, ծրագրեր ունենալուն՝  նա ասաց, որ մի քանի առաջարկ ունի, սակայն առայժմ չի կարող խոսել այդ ամենի մասին։

Ամալյա Հովհաննիսյան