18:22 , 5 մարտ, 2015
Չինաստանում շարունակում են իրականացնել ապագային միտված հսկայական նախագծեր։ Այդ կերպ Չինաստանը խթանում է իր տնտեսության առաջընթացը։ Ներքին Մոնղոլիա նահանգում կառուցված Օրդոս քաղաքն այդպիսի նախագծերից մեկն է։ Այն նախատեսված է 1 միլիոն մարդու համար, բայց այս պահին այնտեղ ապրում է 20000 մարդ, իսկ կառուցված շենքերի 98 տոկոսը դատարկ է։
Չինաստանում բազմաթիվ ուրվական քաղաքներ, առևտրի կենտրոններ, օդանավակայաններ կան։ Այս հսկայական ենթակառուցվածքային նախագծերն ամայի են մնում տարիներ շարունակ, բայց չինական իշխանություններն ունեն նման ռազմավարության իրենց բացատրությունը։ Նրանք համարում են, որ միևնույն է՝ որոշ ժամանակ անց դրանք կլցվեն մարդկանցով՝ գործավարներով, ուղևորներով, վարձակալներով և այլն։ Միևնույն ժամանակ երկրի իշխանություններն այս կերպ ստիմուլացնում են երկրի տնտեսությունը, քանի որ ենթակառուցվածքային նախագծերը (սրանց մեջ կարելի է ներառել գրեթե չշահագործվող նորակառույց ճանապարհները, պահեստները՝ բերնեբերան լցված ալյումինով ու պղնձով և այլն) թույլ են տալիս ՀՆԱ-ի տարեկան աճն ավելացնել 1-1.5 տոկոսով։
Ներքին Մոնղոլիայում Օրդոս քաղաքը սկսեցին կառուցել 2003 թվականին։ Չնայած նրան, որ այս շրջանում մոնղոլ բնակչության թիվը չի գերազանցում ընդհանուր բնակչության 17 տոկոսը, քաղաքը որոշեցին կոչել մոնղոլական ոճով։
Արդյունքում 2010 թվականի դրությամբ արդեն կար կանգուն քաղաք, որը զբաղեցնում է 355 քկմ մակերես ու նախատեսված է 1 միլիոն բնակչության համար։ Ի դեպ, այս ցուցանիշով Օրդոսի բնակչությունը 4 անգամ ավելի քիչ խիտ կլինի, քան Մոսկվան, եթե ամբողջությամբ բնակեցվի, սակայն 2013 թվականի դրությամբ քաղաքը բնակեցված էր ընդամենը 2 տոկոսով և ուներ 20000 բնակչություն։
Քաղաքի գլխավոր կառուցապատող ներդրող ընկերությունը 2008-2009 թվականներին սահմանել էր 10-11 հազար դոլար սակագին քառակուսի մետրի համար, բայց արդեն 2-3 տարի հետո սակագներն արդեն ընկել էին մինչև 4-4.5 հազար դոլար։ Բայցևայնպես, նույնիսկ այս էժանացումից հետո քաղաքում բնակտարածքի գներն անտանելի բարձր էին Ներքին Մոնղոլիա շրջանի բնակչության ճնշող մեծամասնության համար, քանի որ այնտեղ միջին աշխատավարձերը կազմում են 400-500 դոլար։
Օրդոսի ազատ բնակտարածքի մի մասը Չինաստանի կառավարությունը պատրաստվում է ձեռք բերել պաշտոնաթող 20000-25000 զինվորականների համար։
Այս 3-5 տարիների ընթացքում, ինչ քաղաքը հանձնվել է շահագործման, այն սպասարկող ընկերությունները, որոնք պատասխանատու են վերանորոգման, փողոցների մաքրության, պահպանության, փողոցային լուսավորության ու կանաչապատման համար, աշխատում են վնասով։ Վնասի չափը կազմում է ամսական 10-12 միլիոն դոլար, որը կոմպենսացնում են պետական բանկերը՝ ցածր տոկոսով վարկեր տրամադրելով։
Օրդոսը սկսեցին կառուցել այն բանից հետո, երբ դրա մերձակայքում հայտնաբերվեցին քարածուխի ու այլ օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Միանգամից կառուցվեց քաղաք՝ հսկայական օֆիսային երկնաքերերով ու ադմինիստրատիվ կենտրոններով, կառավարական շենքերով, թանգարաններով, թատրոններով ու մարզահամերգային համալիրներով։
Նաև կառուցվեցին բազմաթիվ բնակելի թաղամասեր՝ գեղեցիկ ու հարմարավետ առանձնատներով, որոնք նախատեսված էին միջին խավի ներկայացուցիչների համար։ Միակ խնդիրը կայանում է նրանում, որ, ինչպես նշեցինք, քաղաքը մինչ օրս բնակեցված է ընդամենը 2 տոկոսով։
Եթե բնակեցման այս տեմպերը պահպանվեն, ապա քաղաքը կլցվի միայն 40-50 տարի հետո, ինչը, սակայն, չի անհանգստացնում չինական իշխանություններին։