Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին 001 համարով երկրապահի վկայական տվեց


16:54 , 5 մարտ, 2015

Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին 001 համարով երկրապահի վկայական տվեցSlaq.am-ը գրում է.

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր վաղ առավոտից ԵԿՄ-ն, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն միջոցառումներ է անցկացնում. այցելություն սպարապետի հայրական տուն, շրջայց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և այլն։

ԵԿՄ-ն շնորհավորեց նաև Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին, ով հույս հայտնեց, որ Վազգենի երազած երկիրը անպայման մի օր կունենանք։ «Այդքան արյուն, զոհեր տվեցինք, ամեն ինչ տվեցինք հայրենիքի համար։ Միասնական պետք է լինենք»,- ասաց Գրետա մայրիկը։ Մանվել Գրիգորյանը հավելեց. «Անկախությանը տեր կանենք, ուրիշ ոչ մի բան»։

Այնուհետև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին: Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանից բացի Եռաբլուրում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլք։

«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում է միջազգային երաշխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը խոսելով սահմանին լարված իրավիճակի մասին, նշեց, որ բանակը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ հակառակորդին։

Ի դեպ, Եռաբլուրից հետո նախատեսվում է «Պատանի երկրապահ» կառույցի 10.000 սաների երդման արարողություն, ելույթներ, շնորհավորանքի խոսքեր, պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ,, որից հետո շարքային քայլքով երթ կլինի դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր։