Ընդդիմության՝ իրար տապալելու քաղաքականության մեջ վտանգ ենք տեսնում. Սուքիաս Ավետիսյան


11:30 , 5 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ցանկացած իշխանություն ցանկանում է ունենալ կառուցողական ընդդիմություն, որն օգուտ է և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը, և՛ ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ ընդդիմության կողմից` իշխանափոխության մասին կոչերում իրենք վտանգ չեն տեսնում:

«Դասական քաղաքականություն է, երբ իշխանությունը փորձում է պահել իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը ձգտում է իշխանության: Ընդդիմության գերնպատակը իշխանության ձգտելն է, այլ բան է, թե ինչ ձևով են փորձում դա անել՝ իրար տրորելո՞վ, թե՞ համախմբվելով, ինչն արդեն լուրջ խնդիր է»,-ասաց նա:

Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ իրենք վտանգ են տեսնում, որ ընդդիմությունը շարունակի փորձել իրար տապալելու նման քաղաքականությունը:

«Եթե որևիցե մեկը կարծում է, որ իշխանությունը դրանից շատ գոհ է, ապա ես կարծում եմ, որ ոչ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ  ընդդիմության ցանկացած նախաձեռնության դեպքում, որը կլինի կառուցողական դաշտում, իշխանությունը պատրաստ է համագործակցել: 

«Ցանկալի է, որ ընդդիմությունը ոչ միայն փորձի վերհանել այն խնդիրները, որոնք այսօր մեր իրականության մեջ կան, այլ նաև նպաստի դրանց լուծմանը` իր կառուցողական առաջարկներով և կեցվածքով»,-ասաց նա: