Գողը հանցագործության կեսից քնել է


15:30 , 3 մարտ, 2015

Բրիտանական Պոնտիպուլ քաղաքի բնակչուհի Ջուլի Ջեյմսը, աշխատանքից տուն վերադառնալով, հայտնաբերել է քնած գողի:

Ինչպես նշում է lenta.ru-ն, 51-ամյա կինը հյուրերի համար նախատեսված սենյակում` բազմոցին, հայտնաբերել է անծանոթ տղամարդու: Վերջինս վեր է թռել ու դիմել փախուստի, երբ տանտիրուհին վախից ճչացել է:

Որոշ ժամանակ անց իրավապահները բռնել են գողին` 30-ամյա Մեթյու Ուոթերսին, ով, ներխուժելով կնոջ տուն, կերել է սառնարանում եղած պաղպաղակի ողջ պաշարն ու հետո որոշել քնել:

Գործազուրկ տղամարդը դատարանում խոստովանել է իր մեղքն ու դատապարտվել 8 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 154 դոլար տուգանքի։

Հ.Գ. Ինչ ասես տեսել էինք, բայց որ հանցագործության կեսից քնեն՝ չէինք տեսել: